.jpg)
ԵԽ գլխավոր քարտուղարն Անկարայում է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի, արդարադատության, ներքին գործերի, սոցիալական և ընտանիքի հարցերով նախարարների հետ:
Քննարկման հիմնական թեմաներն են եղել Թուրքիայի բարեփոխման ծրագիրը, համագործակցությունը ԵԽ-ի հետ, եվրոպական ինտեգրացիան և Թուրքիայում հակակառավարական ակցիաները:
Գլխավոր քարտուղարն ու Էրդողանը մտքեր են փոխանակել՝ կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է Թուրքիայի կողմից եվրոպային և եվրոպական չափանիշներին նվիրվածության կարևորությունը:
«Եվրոպային պետք է Թուրքիան, Թուրքիային՝ Եվրոպան»,- ասել է Թ.Յագլանդը:
Արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները հետաքննվում են:
Ամփոփելով հանդիպումները՝ Յագլանդն ասել է. «Թուրքիան նշանակալի բարեփոխումներ է կատարել: Ինձ վստահեցրին, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, որը միջազգային հանրության մտահոգությունն առաջացրեց, ամբողջովին կհետաքննվի»: