Ալիևը օգնություն է խնդրել Արևմուտքից ընդդեմ՝ Իրանի և Ռուսաստանի
26/06/2013 19:38

Ալիևը օգնություն է խնդրել Արևմուտքից ընդդեմ՝ Իրանի և Ռուսաստանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի և Ռուսաստանի դեմ Արևմուտքից օգնություն է խնդրել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը՝ նշելով, որ այդ մասին գրված է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ գերմանացի պատգամավոր Էլմար Բրոկին հղած նամակում:

Թերթը նշում է, որ Ադրբեջանին նման կերպ «մերկացրել» էր նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով ապրիլի 22-ին այցով Իսրայելում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել էր, որ Ադրբեջանը Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ծավալմանը խոչընդոտող միակ պետությունն է: Վերլուծաբանների կարծիքով` դրանով Իսրայելը նպատակ է ունեցել Ալիևի իշխանությունը Իրանի դեմ տրամադրել:

Ինչպես գրում է թերթը, այդ վարկածն իրեն շատ սպասեցնել չտվեց, և Պերեսի հայտարարությունից մի քանի օր հետո Ադրբեջանում փաստացի երկրորդ մարդ համարվող, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը անակնկալ այց կատարեց Իրան և պաշտոնական Թեհրանի հասցեին գովաբանական խոսքեր հնչեցրեց: Չնայած դրան` Մեհտիևին Իրանում ընդունեցին արարողակարգին չհամապատասխանող սառնությամբ, ինչը «Իսրայելյան գործի» արդյունքն էր:

«Ազադլիգը» նշում է, որ եթե Շիմոն Պերեսի հայտարարությունը ծառայում էր Ադրբեջանի իշխանությանը Իրանի դեմ տրամադրելուն, ապա այժմ Ֆյուլեի նամակն այդ ցուցակում նաև Ռուսաստանին ավելացրեց: «Բայց սա չի նշանակում, որ Եվրամիության պաշտոնյան հավատում է Իլհամ Ալիևին և պետք է օգնի նրան: Եթե նման մտադրություն լիներ, նա Ռուսաստանի և Իրանի դեմ Ալիևի խոսքերը բաց տեքստով չէր հրապարակի: Նշանակում է` նպատակը բոլորովին էլ Իլհամ Ալիևին որպես Արևմուտքին հավատարիմ դաշնակից ներկայացնելը չէ: Պարզապես, օգտվելով առիթից, որ Իլհամ Ալիևն իր բերանով է օգնություն խնդրում, Արևմուտքը հասկացնել է տալիս, որ բարեփոխումների չգնալու դեպքում նրան կթշնամացնի բոլորի հետ»,- գրել է թերթը: 

Ալիևը օգնություն է խնդրել Արևմուտքից ընդդեմ՝ Իրանի և Ռուսաստանի