.jpg)
«Ժնև-2»-ի կազմակերպմանը խոչընդոտող գործոններն` ըստ արաբագետի
«Այն, որ «Ժնև-2»-ի կազմակերպման հարցում էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու, կանխատեսելի էր վերջին շաբաթների ընթացքում համաժողովի թե՛ կազմակերպիչների, թե՛ դրա հնարավոր մասնակիցների դրսևորած մոտեցումներից, ընդհանուր հռետորաբանությունից»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված միջազգային համաժողովի կազմակերպման նպատակով հունիսի 25-ին Ժնևում կայացած ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքները:
«Ըստ իս`միջազգային համաժողովի կազմակերպման իրական հնարավորություններն ի դերև ելան, երբ դրա անցկացման համար նախանշված ժամկետները (ի սկզբանե, հանդիպման կազմակերպումը ծրագրված էր մայիսի վերջին) հետաձգվեցին: ԱՄՆ պետքարտուղարի`մայիսի կեսերին Մոսկվա կատարած այցելության արդյունքում ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությանը հաջորդած ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում իրավիճակ փոխվեց և՛ բուն Սիրիայում, և՛ նրանից դուրս: Դրա գլխավոր պատճառը, կարծում եմ, այն էր, որ սիրիական հակամարտության ներքին և հատկապես արտաքին խաղացողների գլխավոր նպատակը ոչ թե Սիրիայում խաղաղության հաստատումն էր, այլ բանակցությունների սեղանի շուրջ սեփական դիրքերի ամրապնդումը: Այս իրողությանն, իհարկե, գումարվեցին նաև միջազգային և տարածաշրջանային որոշ գործընթացներ. այն է` Թուրքիայում բռնկված ներքին հուզումները, Իրանում նախագահական ընտրությունների հետ կապված որոշ հաշվարկների առկայությունն, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում առավել հստակ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունները»,- նշեց արաբագետը:
Շարունակելով խոսքը` նա նկատեց, որ վերոնշյալ, ինչպես նաև ներսիրիական մի շարք այլ գործոններ խոչընդոտող ազդցություն ունեցան «Ժնև-2»-ի կազմակերպման գործում: Երկրի ներսում սիրիական բանակի արձանագրած մի շարք հաջողություններից հետո հակամարտ կողմերի միջև զգալիորեն խախտվեց ուժային հավասարակշռությունը, որի հետևանքով նրանց դիրքորոշումներն ավելի անզիջում դարձան: Բացի դրանից, առավել սրվեցին հակասությունները հենց սիրիական ընդդիմության ներսում` տարբեր խմբավորումների միջև: Արդյունքում, ընդդիմությունն էլ իր հերթին սկսեց «շանտաժի լեզվով» խոսել արտաքին «հովանավորների» հետ` պահանջելով վերանայել տրամադրվող օգնության որակը և ծավալները:
«Ստեղծված պայմաններում, բնական է, որ երեկվա հանդիպման մասնակիցներին ոչինչ չէր մնում, քան միայն արտաքուստ առաջընթաց արձանագրել` փաստելով որևէ համաձայնության չհանգելու հանգամանքն առանցքային հարցերում` կապված համաժողովի ժամկետների և մասնակիցների շրջանակի հստակեցման հետ:
Այս առումով, առավել գործնական պայմանավորվածություններ հնարավոր է` ձեռք բերվեն եկող շաբաթվա ընթացքում Բրունեյում սպասվող Քերի-Լավրով հանդիպման ընթացքում: Եթե դրա արդյունքում էլ որևէ իրական համաձայնության ձեռք չբերվեց, ապա, կարծում եմ` բոլոր խաղադրույքները կուղղվեն Սիրիայի ներսում ռազմական դրության փոփոխությանը: Այս համատեքստում, կարելի է կանխատեսել, որ ընթացիկ ամռան ընթացքում Սիրիայում ռազմական գործողությունները կհասնեն աննախադեպ ակտիվության»,- նշեց բանախոսը:
«Մասնավորապես, այն պարագայում, երբ սիրիական բանակը սիրիա-լիբանանյան սահմանին հիմնականում վերահսկողությունը վերականգնելուց հետո ձեռնամուխ է եղել Թուրքիայի հետ սահմանամերձ շրջանների «ազատագրմանը», ապա պարզ է, որ այս ուղղությամբ լուրջ հաջողությունների հասնելն ավելի բարդ է լինելու` հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ սիրիա-թուրքական սահմանի զգալի մասը վերահսկում են վարչակարգի դեմ հանդես եկող խմբավորումները, որոնց համակողմանի աջակցություն է ցուցաբերվում Թուրքիայի կողմից: Նման իրավիճակում, շատ հավանական է ընդդիմադիր զինյալների գործունեության ակտիվացում նաև երկրի հարավում`սիրիա-հորդանանյան սահմանամերձ շրջաններում, որոնց գլխավոր թիրախ կարող է դառնալ մայրաքաղաք Դամասկոսը: Կարծում եմ, որ այս ուղղությամբ ընդդիմադիրների կողմից որոշ հաջողություններ արձանագրելու պարագայում, երբ Սիրիայի ներսում որոշակիորերեն կվերականգնվի ուժերի միջև հավասարակշռությունը, այդ դեպքում առավել հավանական կդառնա սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համաժողովի կազմակերպումը:
Այդուհանդերձ, մի բան անհերքելի է, որ նման ճգնաժամերն, ի վերջո, հանգուցալուծվում են խաղաղ բանակցությունների արդյունքում, բայց թե որտեղ, ինչ ժամկետներում, ինչպիսի ձևաչափով, ինչ օրակարգով, ցույց կտան ժամանակը և զարգացումները»,- եզրափակեց Պետրոսյանը: