Ժամանակն է՝ զեկույց հրապարակել Ադրբեջանի խավիարային քաղաքականության մասին
26/06/2013 21:01

Ժամանակն է՝ զեկույց հրապարակել Ադրբեջանի խավիարային քաղաքականության մասին

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է «Կոռուպցիան՝ որպես սպառնալիք օրենքի իշխանությանը»: Զեկույցի հեղինակը էստոնացի պատգամավոր Մայլիս Ռեպսն է:

Քննարկմանը ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով համաձայնեց, որ իսկապես կոռուպցիան սպառնում է օրենքի իշխանությանը:

Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ կոռուպցիան առկա է նաև ԵԽԽՎ-ում, որտեղ կան պատգամավորներ, ովքեր փողի դիմաց լոբբիստական գործունեությամբ են զբաղվում:

«Քաղաքական կոռուպցիան այնպիսի սահմանների է հասել, որ կազմակերպության խորհրդարանական արժեքները ոչնչացվում են: Որպես ԵԽԽՎ անդամ, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել պառլամենտական կոռուպցիայի՝ Ադրբեջանի կողմից իրականացվող խավիարային դիվանագիտության վրա: Ադրբեջանը կարողանում է խուսափել քննադատությունից՝ ինչպես մեր կազմակերպությունում, այնպես էլ այլ միջազգային կառույցներում: Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որպեսզի զեկույցներ հրապարակենք Ադրբեջանի խավիարային քաղաքականության վերաբերյալ: Ադրբեջանը նվերների, փողի միջոցով կարողանում է ոչնչացնել այն, ինչը ձեռնատու չէ այդ երկրի իշխանություններին: Վերջերս գերմանական «Դեր Շպիգելը» հրապարակել էր այս կազմակերպության պատգամավորների անունները, ովքեր օգտվում են Ադրբեջանի հյուրընկալությունից:

Մենք պետք է եզրակացություններ անենք այս զեկույցում: Առաջարկում եմ քաղաքական հարաբերությունների և իրավական հարցերով հանձնաժողովին հատուկ քննարկում կազմակերպել քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ, մշակել մեխանիզմներ՝ պայքարելու այն մարդկանց դեմ, ովքեր քայքայում են եվրոպական արժեքները»,- ասաց ԵԽԽՎ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ էստոնացի պատգամավորի հեղինակած զեկույցում նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ մեծ խնդիր՝ լուրջ վտանգ ներկայացնելով օրենքի գերակայությանը: Պետական հատվածում այն կարող է ունենալ տարբեր ձևեր. նախարարներ, ովքեր չարաշահում են իրենց իշխանությունը, ոստիկանությունը կամ այլ պաշտոնյաներ, ովքեր կաշառք են վերցնում, «գնված» ընտրություններ, կեղծ դատավորներ, փոխերի լվացում, պատգամավորների կողմից կեղծ ծախսեր և անօրինական լոբբիստական գործունեություն:

Կոռուպցիան քայքայում է օրենքը, քաղաքացիների վստահությունը իրենց կառավարությունների նկատմամբ: Այն կարծանարար ազդեցություն է ունենում նաև մարդու իրավունքների վրա:

Զեկույցում նշվում է, որ երկրները պետք է առավել կտրուկ օրենքներ ընդունեն կոռուպցիայի դեմ: Դատավորների նշանակումը պետք է լինի առավել թափանցիկ:

Խորհրդարանները պետք է հետևեն, թե ինչպես են կառավարություններն իրականացնում Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինների առաջարկությունները: 

Ժամանակն է՝ զեկույց հրապարակել Ադրբեջանի խավիարային քաղաքականության մասին