.jpg)
Ռունին Պրիմերայում` Օուե՞ն, թե՞ Բեքհեմ
Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Իսպանիայում, որտեղ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: Հեղինակավոր «The Sun» պարբերականն այս տրանսֆերի մասին խոսելիս հիշատակում է, որ իսպանական Պրիմերայում ոչ բոլոր անգլիացիներն են կարողացել հարմարվել և, որպես օրինակ, նշում է Մայքլ Օուենին: Միևնույն ժամանակ, կարող է լինել նաև ճիշտ հակառակը, ինչպես Դևիդ Բեքհեմի պարագայում էր:
2003 թ. Բեքհեմը 25 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արքայական ակումբ»: Իր նորամուտը նշելիս, արդեն 126-րդ վայրկյանին, նա կարողացավ դառնալ գոլի հեղինակ և այն էլ պաշտոնական խաղում: Բեքհեմին կարճ ժամանակ պահանջվեց` «Ռեալի» հիմնական կազմում տեղ գտնելու համար, որտեղ նա հանդես էր գալիս Զիդանի և Ֆիգուի հետ միասին:
Այն 4 տարիների ընթացքում, երբ Դևիդը «Ռեալում» էր, փոխվեցին 4 նախագահ և 5 գլխավոր մարզիչ, սակայն նրանցից յուրաքանչյուրը կիսապաշտպանին տեսնում էր որպես թիմի կարևոր մասնիկ: Եվ նույնիսկ պաշտոնական այն հայտարարությունից հետո, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կտեղափոխվի «Լոս Անջելես Գելեքսի», անգլիացի ֆուտբոլիստը կարողացավ մինչև վերջ մնալ հիմնական կազմում` «Սանտյագո Բեռնաբեուն» լքելով դրական նոտայով և Իսպանիայի չեմպիոնական տիտղոսով:
Մայլքլ Օուենը «Արքայական ակումբ» տեղափոխվեց 2004 թ.` «Լիվերպուլից»` 8 մլն եվրոյով: Իր առաջին գոլը նա խփեց միայն ամիսներ անց` հոկտեմբերին, այն էլ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում` գրավելով Կիևի «Դինամոյի» դարպասը: Այդ մրցաշրջանում Մայքլը դարձավ 13 գոլի հեղինակ: Այնուամենայնիվ, նա այդպես էլ չկարողացավ գտնել տեղը հիմնական կազմում և ընդամենը 1 տարի անց ստիպված էր վերադառնալ հայրենիք` տեղափոխվելով ավելի համեստ «Նյուքասլ»:
Եվ հիմա «The Sun»-ը մտահոգ է, կկարողանա՞ արդյոք Ուեյն Ռունին կրկնել Բեքհեմի ճակատագիրը, թե՞ կլինի այնպես, ինչպես Օուենի պարագայում…