ՊՆ. Հայաստանն է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորը
26/06/2013 16:14

ՊՆ. Հայաստանն է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորը

Հարավային Կովկասում իրավիճակն այսօր զարգանում է տնտեսական, քաղաքական ու ռազմա-ստրատեգիական մի շարք գործոնների ազդեցությամբ: Իրավիճակն այստեղ շարունակում է բարդ ու պոտենցիալ պայթյունավտանգ մնալ: Այս մասին այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ժամանակ ներկայացվող իր զեկույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Ինչպես գիտեք, ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը միանշանակ չէ: Չնայած նրան, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը տեղակայված են Կենտրոնական Ասիայի շրջանում, Հարավային Կովկասը շարունակում է մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում: Ընդ որում, Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է բարդ ու պոտենցիալ պայթյունավտանգ մնալ: Հայաստանի Հանրապետությունը չունենալով ոչ մի ընդհանուր սահման ՀԱՊԿ անդամ իր գործընկերներ պետությունների հետ, առավել քան հետաքրքրված է տարածաշրջանում լարվածությունը վերացնելու ու կայունություն հաստատելու հարցով»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով համաժողովի մասնակիցների իրազեկվածության բարձր մակարդակը` նախարարը չանդրադարձավ մի շարք գործոնների, որոնք ազդում են Հարավային Կովկասում իրավիճակի վրա: Սեյրան Օհանյանը, սակայն, ընդգծեց դրանցից կարևորագույնները.

«Չեմ կարող չնշել տարածաշրջանում նոր ռազմա-ստարտեգիական միությունների ձևավարման մասին, չեմ կարող չասել, որ տարվում է հակահայկական քաղաքականություն ու Հայաստանի կարգավիճակը ամրագրվում է որպես «թշնամի պետություն», տարածաշրջանում սանձազերծվում է սպառազինությունների մրցավազք: Բացի այդ, մեր հարևան պետության կողմից բացակայում են կառուցողական մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Այս ամենը անկասկած ցնցում է տարածաշրջանում հաստատված առանց այդ էլ փխրուն կայունությունը»,- ասաց ՀՀ Պաշտպանության նախարարն ու ավելացրեց.

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզ համար առաջնային է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումը: Մենք միանշանակ հակված ենք հակամարտության խաղաղ լուծման ճանապարհին, սակայն Հայաստանին ներքաշեցին սպառազինությունների մրցավազքի մեջ, որը սկսեց Ադրբեջանը: Այս պետությունը բաց տեքստով հայտարարեց, որ նպատակ ունի ռազմական ճանապարհով հասնել ստատուս քվոյի վերանայմանը: Սա ստիպում է մեզ պետական գանձարանի զգալի մասը ծախսել պաշտպանական համակարգերի կատարելագործման վրա: Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայել հակառակորդի բոլոր ագրեսիվ մտադրություններին, հաշվի առնելով հատկապես այն, որ հենց Հայաստանն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում, Հայաստանը լիովին ներգրավվելու է դրանց ու ստիպելու է հակառակորդին հետ կանգնել իր մտադրություններից»,- իր զեկույցում ասաց Սերյան Օհանյանն ու ավելացրեց.

«Պետք չէ նաև մոռանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, որը մի շարք շրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում ունի լուրջ պոտենցիալ ու մեխանիզմներ` անվտանգության ապահովման համար»:

Նշենք, որ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողով շարունակվելու է նաև վաղը:

Նախորդող հրապարակումներ` Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է` բիզնես

Դ. Կանայանի անվան ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ

ՊՆ. Հայաստանն է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորը