«Ազատ Արցախ» թերթն 90 տարեկան է
27/06/2013 12:24

«Ազատ Արցախ» թերթն 90 տարեկան է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` ուղերձում ասված է.

«Հարգելի բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ և մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները և ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակ հերոսություն էր և սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:

Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահ եմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իր հիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի և հուզող խնդիրների մասին, ներկայացնել ու պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` աշխատանքում և անձնական կյանքում»: 

«Ազատ Արցախ» թերթն 90 տարեկան է