ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին մտահոգում է սիրիահայերի անվտանգությունը
27/06/2013 16:39

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին մտահոգում է սիրիահայերի անվտանգությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հանրապետական և դեմոկրատ անդամները միացել են հանձնախմբի նախագահ Քրիս Սմիթին՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սիրիայում բնակվող հայերի և այլ կրոնական փոքրամասնությունների անվտանգության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA)։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Սմիթին և մյուսներին Սիրիայի կրոնական փոքրամասնությունների անչափ կարևոր հարցը նման մակարդակով բարձրացնելու համար։ Իմ երախտագիտություն եմ հայտնում Սմիթին այն բանի համար, որ վերջինս պաշտոնապես դիմել է նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին, որպեսզի Սպիտակ տունը Կոնգրեսի հետ ներկայացնի այն քայլերը, որոնք կառավարությունը ձեռնարկել է սիրիաբնակ, ինչպես նաև հակամարտության հետևանքով այնտեղից արտագաղթած հայերին համապատասխան օգնություն տրամադրելու ուղղությամբ»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Սմիթի կազմակերպած լսմանը, որը կրել է «Սիրիայի կրոնական փոքրամասնությունները. Մերձավոր Արևելքի թակարդում», մասնակցել են Պետդեպարտամենտի մարդու իրավունքների հարցերով մի շարք պաշտոնյաներ և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման շրջանակներում առանցքային ուշադրություն է հատկացվել սիրիաբնակ հայերի խնդիրներին։

Մասնավորապես, Սմիթը հետաքրքրվել է, թե Օբամայի աշխատակազմն ինչ միջոցներ է ձեռնարկել օգնելու համար այն հայերին, ովքեր փախել են Սիրիայից։

Պաշտոնյաներից մեկը՝ Թոմաս Օ. Մելիան, պատասխանել է, որ իրենք մշտական կապի մեջ են հայկական համայնքի և եկեղեցու ղեկավարների հետ, սակայն այս հարցի շուրջ ավելի մանրամասն ու սպառիչ պատասխաններ կներկայացնեն ավելի ուշ։

Իսկ միջոցառման մասնակից, հասարակական գործիչ Ջոն Էյբներն էլ իր հերթին ուշագրավ զուգահեռներ է անցկացրել սիրիական հակամարտության և 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում ժողովրդավարական բարեփոխումներ անելու շրջանի միջև։

«Ետ նայելով Օսմանյան կասրության այն օրերին, երբ 1908թ. տեղի ունեցավ մեծ հեղափոխությունը, որը կարելի է կոչել «Օսմանյան գարուն», կարելի է վերհիշել, որ բոլոր էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները պարում էին փողոցներում՝ տոնելով ազատությունը։ Սակայն մեկ տասնամյակ էլ չանցավ, երբ տեղի ունեցավ ցեղասպանությունը, և ամբողջ Անատոլիան մաքրվեց կրոնական փոքրամասնություններից։ Նույնը կարող է տեղի ունենալ այսօր, այս տարի կամ էլ հաջորդ, ուստի ԱՄՆ-ն միջազգային պարտավորություն ունի կանխել այդ ցեղասպանությունը»,- նշել է Էյբները։
 

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին մտահոգում է սիրիահայերի անվտանգությունը