.jpg)
Եգիպտոսի նախագահն առաջարկել է փոփոխել երկրի սահմանդրությունը
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ընդդիմությանն առաջարկել է մասնակցել երկրի սահմանադրության փոփոխության նախապատրաստական աշխատանքների խորհրդակցություններին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկուսուկես ժամ տևած հեռուստաուղերձում Մուրսին հայտարարել է, որ հունիսի 27-ին սպասում է բոլոր կուսակցությունների ղեկավարներին, որպեսզի ընտրեն սահմանադրական խորհրդի նախագահին: Մուրսին նաև պատմել է, որ «ազգային հաշտության» շրջանակում նա մտադիր է ստեղծել հանձնաժողով, որի մեջ մտնելու են ազդեցիկ հասարակաական գործիչներ, այդ թևում և մուսուլման ու քրիստոնյա հոգևորականներ:
«Ես ընդդիմությանն ասում եմ, որ հաշտության ճանապարհը բաց է»,-նշել է Մուրսին՝ անդրադառնալով նաև հունիսի 29-ին և 30-ին նախատեսված հանրահավաքներին:
«Ցույցերը կարծիք հայտնելու, ոչ թե այն պարտադրելու միջոց են»,-ընդգծել է Եգիպտոսի նախագահը՝ ընդունելով, որ իր գահակալաման մեկ տարում նա սխալներ է թույլ տվել, սակայն մեծամասամբ մեղքը բարդել է կոռումպացված պաշտոնյաների վրա, ովքեր աշխատել էին նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նախագահության տարիներին: Թշնամիների շարքին նա դասել է նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին:
«Եգիպտոսի թշնամիները ջանք չեն խնայում, որպեսզի ձախողեն մեր ժողովրդավարության փորձը»,-հայտարարել է Մուրսին՝ նախազգուշացրելով, որ շարունակվող խռովությունները սպառնում են կաթվածահար անել երկիրը:
Եգիպտոսի սահմանադրությունը ընդունվել էր 2012 թվականին տեղի ունցած հանրաքվերի ժամանակ: Երկրի գլխավոր օրենքի մշակման աշխատանքներին հիմնականում մասնակցել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչները: Ըստ դիտորդների, սահմանադրության տեքստը հակասում է լիբերալ արժեքներին, իսլամական դոգմաներին և պետական սոցիալիզմի սկզբունքներին:
Ի դեպ, Մուրսիի ելույթից մի քանի ժամ առաջ Եգիպտոսի հյուսիսում գտնվող Մանսուր քաղաքում իսլամիստների և Մուրսիի հակառակորդների միջև բռնկված ընդհարումների ժամանակ զոհվել էր երկու, վիրավորվել մոտ 200 մարդ: Անկարգություններ էին սկսվել նաև Ալեքսանդրիայում: Իսկ նախօրեին Եգիպտոսի իշխանությունները փակել էին նախագահական «Իթիհադիյա» պալատը տանող փողոցները՝ նման կերպ փորձելով խոչընդոտել ընդդիմադիր տարբեր խմբավորումների՝ հունիսի 30-ի հանրահավաքը: