Ջոն Քերի. Սիրիան Լիբիա չէ, պետք է դիվանագիտական լուծում գտնել
27/06/2013 13:21

Ջոն Քերի. Սիրիան Լիբիա չէ, պետք է դիվանագիտական լուծում գտնել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Քուվեյթ կատարած այցի ժամանակ խոսել է Սիրիայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է AhramOnline-ը:

«Սիրիան Լիբիա չէ: Սիրիան Լիբիայից տարբերվում է շատ չափորոշիչներով: Սիրիայի հակամարտությունը կարող է վտանգավոր լինել տարածաշրջանի համար, քանի որ այն ուժ է տալիս ծայրահեղականներին և աջակցում ահաբեկչությանը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ըստ Քերի՝ ի տարբերություն Լիբիայի՝ Սիրիայի հակամարտությանը մասնակցում են օտար ուժեր, ինչպիսիք են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը: Քերին նախազգուշացրել է, որ Սիրիայում կռիվները կարող են հանգեցնել պետության ոչնչացմանը, բանակի փլուզմանը և երկար տարիներ ձգվող կրոնական վեճերի:

«Այն գնալով առավել վտանգավոր է դառնում բոլոր կրոնների համար, քանի որ կարող է ամրապնդել ծայրահեղականությունը և ահաբեկչության աճը, որն անընդունելի է քաղաքակիրթ աշխարհի համար: Այստեղ ռազմական լուծում չկա: Մենք պետք է դիվանագիտական լուծումների հասնենք Ժնևում նախատեսված բանակցությունների միջոցով»,-ասել է Քերին:

Նշենք, որ Ժնևում օգոստոսին նախատեսված է անցկացնել Սիրիայի հարցով միջազգային համաժողով, որին հրավիրված են մասնակցելու նաև հակամարտող կողմերը: Սիրիայի կառավարությունը հաստատել է իր մասնակցությունը, սակայն ընդդիմությունը նախապայամաններ է ներկայցնում: Բացի այդ, միջազգային արենայում փոխվել է նաև ընդդիմությանը մատակարարվող օգնության տեսակները: Հունիսի սկզբներին ԱՄՆ-ն հայտարարել էր Սիրիայի ընդդիմությունը զենք մատակարարելու մասին:

 

Ջոն Քերի. Սիրիան Լիբիա չէ, պետք է դիվանագիտական լուծում գտնել