Պետական հատվածի աշխատավարձերը հավասարեցվել են նվազագույնին
27/06/2013 19:20

Պետական հատվածի աշխատավարձերը հավասարեցվել են նվազագույնին

ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում համապատասխան աշխատողների հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել և համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։

Միաժամանակ պահպանվել են զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։

«Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք: Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»,- ասաց վարչապետը:

Որոշման մեջ եղած թվերի վերաբերյալ ի հայտ եկած տարաձայնությունները կհարթվեն այսօր ևեթ` վարչապետի հրավիրած խորհրդակցության ընթացքում։

Պետական հատվածի աշխատավարձերը հավասարեցվել են նվազագույնին