.jpg)
Զինծառայողը ծառայողական գաղտնիք պարունակող քարտեզ է կորցրել
Նռանականետային դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Գոռ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, զորամաս վերադառնալու ճանապարհին կորցրել է քարտեզը:
Դատարանը ապացուցված է համարել, որ Գ. Բաղդասարյանը 2012 թ. մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով նույն գումարտակի շտաբի պետ, մայոր Արսեն Խաչատրյանից ստորագրությամբ ստանալով իրեն ամրակցված ծառայողական գաղտնիք պարունակող քարտեզը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, մարտական հենակետից զորամաս վերադառնալու ճանապարհին կորցրել է նշված քարտեզը` էական վնաս պատճառելով ծառայության շահերին:
Կատարած հանցավոր արարքի համար Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գ. Բաղդասարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ մարտական հենակետեր գնալուց առաջ գումարտակի շտաբի պետից ստացել է գաղտնի քարտեզը, հետո հանձնել է: Հենակետեր բարձրանալուց քարտեզը եղել է իր մոտ, հենակետեր իջնելուց մեկ օր առաջ նայել է, նորից եղել է իր մոտ: Հաջորդ օրը նույնպես եղել է իր մոտ, դրանից հետո դրել է պլանշետի մեջ: Հենակետերից իջնելուց եղել է քամի, ձյուն, պլանշետի գոտին պոկվել է, քարտեզն ընկել է և ինքը չի նկատել: Միայն նկատել է գումարտակ վերադառնալուց: Դրանից հետո կատարել է որոնողական աշխատանքներ, սակայն քարտեզը չի գտել:
Դատարանը Գ. Բաղդասարյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել Գ. Բաղդասարյանի անկեղծորեն զղջալը, զորամասի հրամանատարի կողմից դրական բնութագրվելը, միակողմանի ծնողազուրկ և ընտանիքի միակ կերակրող լինելը:
Գ. Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ 6 /վեց/ ամիս ժամկետով` դրամական բավարարման գումարի 10 տոկոսի պահումով: