.jpg)
ՏՀՏ լիդերների հանդիպում` Դիլիջանում
Այսօր և վաղը ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հավաքվում են Դիլիջանում` քննարկելու ոլորտի խնդիրները:
Քննարկման օրակարգում են` տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները, Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները և այլն: ԻՏՁՄ-ի ջանքերով 2012 թվականի ընթացքում արդեն իսկ լուծում են ստացել մաքսային և հարկային ոլորտի որոշ խնդիրներ:
Բացի այդ, հարկային օրենսդրությունում կատարվեց փոփոխություն` համաձայն որի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և ինովացիոն գործունեության ոլորտում կատարվող ներդրումները ճանաչվեցին որպես ծախս: Սակայն 2013թ. հարկային օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված առաջ են եկել մի շարք խնդիրներ, ինչպես նաև վեր են հանվել Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման հետ կապված թե հարկային, և թե մաքսային ոլորտի խնդիրներ, որոնցից են` վճարային փաստաթղթերի չեղարկման խնդիրը, էլեկտրոնային առևտրի դեպքում միջազգային վճարահաշվարկային համակարգերի կողմից տրված փաստաթղթերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես ծախսագրման փաստաթղթեր չընդունելու խնդիրը, էլեկտրոնային հայտարարագրման դեպքում կիրառվող մաքսավճարի խնդիրը և այլն:
Այս ամենից բացի, հարևան երկրներում ՏՀՏ ոլորտին զգալի հարկային արտոնությունների տրամադրումը խաթարում է մեր երկրի մրցունակությունը արտաքին շուկաներում:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: