.jpg)
Պան Կի Մունը խոստացել է կարճ ժամկետներում հրավիրել Սիրիայի հարցով համաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունը վստահ է, որ Սիրիայի հակամարտությունը պետք է կարգավորվի «միայն քաղաքական միջոցներով», և հույս ունի, որ շուտափույթ կազմակերպվելու է Ժնև-2 համաժողովը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասսը»՝ հղում կատարելով գլխավոր քարտուղարի զեկույցին:
«Ես նախկինի պես վստահ եմ, որ հակամարտության թեժացման և Սիրիայի արաբական հանրապետության ժողովրդի չդադարող տանջանքների վերջը հնարավոր կլինի դնել միայն քաղաքական միջոցներով: Ես մտադիր եմ Սիրիայի հարցով ժնևյան համաժողովը հնարավոր կարճ ժամկետներում հրավիրել: Այդ համաժողովին սիրիական երկու կողմերը՝ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմությունը կկարողանան բանակցություններ սկսել»,-ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ ջանքեր չեն խնայում Ժնև-2-ի կազմակերպման համար:
Պան Կի Մունը անդրադարձ է կատարել նաև այլ խաղաղ նախաձեռնությունների, այդ թվում և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նախաձեռնությանը, որով նախատեսվում էր ազգային երկխոսություն սկսել «կառավարության կողից ընտրված քաղաքական խմբավորումների և քաղաքացիական հասարակության խմբերի միջև»:
«Չնայած մի շարք խորհրդակցություններ անցկացնելու խոստումներին՝ Սիրիայում ու նրա սահմաններից դուրս գործող քաղաքական միավորումներից և զինված ընդդիմադիր խմբավորումներից շատերը նախկինի պես մերժում են այդ գործընթացը ու հրաժարվում են կառավարության հետ փոխհամագործակցությունից»,-փաստել է գլխավոր քարտուղարը: