Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը
01/07/2013 11:45

Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը

Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով` նախօրեին ազատ են արձակել այս գործով ձերբակալված ևս մեկ հոգու, իսկ Ա. Չախալյանին «պարզ է, որ ազատ չեն արձակել»:

Aysor.am-ի հարցին` դա կապում եք Ձեր քաղաքական գործունեության հետ, Վ. Չախալյանը նշեց. «Այդպես է ստացվում»: 

«Իմ եղբայրը գնացել է այդ վեճը հարթելու և միայն 1 հոգու ցուցմունքի հիման վրա, որ տեսել է նրան այդ վայրում, նրան ձերբակալել են: Նա ամենաշատն է վնասվածքներ ստացել, մենք տեղեկություններ ունենք, որ ոստիկանները մեքենայի մեջ մի քանի անգամ խփել են նրա դեմքին: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և երկաթե ձող ունենալու համար, սակայն նրա մոտ նման բան չի եղել»,-ասաց նա:

Վ. Չախալյանի խոսքով` Վրաստանում նախարարները փոխվել են, սակայն միջին օղակի պաշտոնյաները նույնն են: «Շատերը, ովքեր հանցագործությունենր են կատարել Միխեիլ Սահակաշվիլու օրոք, հիմա բնական կերպով ընդդիմանում են, որ պետք է արդար գործեն»,-ասաց նա:

Հարցին` իսկ ո՞վ կարող է լինել այս ամենի հեղինակը, նա նշեց, որ իր համար էլ անհասկանալի է, սակայն այն մարդիկ, ովքեր իր դեմ են գործել, ոչ միայն չեն հեռացվել պաշտոնից, այլև պաշտոնի բարձրացում են ունեցել: «Որևէ մեկը չհետարքրվեց, ինչո՞ւ իր ընտանիքը, իր երեխաներին սիրող, որևէ պարտք չունեցող ոստիկանը ինքնասպան եղավ հենց իմ ձերբակալման օրը: Վրաստանի իշխանություններում փոփոխություն եղել է, սակայն 80-90 %-ը հներն են մնացել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում ձերբակալել են ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Նախորդող հրապարակում` Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել

Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը