Վահագն Չախալյանի եղբորը 2 ամսով կալանավորեցին
01/07/2013 16:50

Վահագն Չախալյանի եղբորը 2 ամսով կալանավորեցին

Դատարանը ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Չախալյանը:

Նրա խոսքով` Ա. Չախալյանը դատարանում հայտնել է, որ ինքը որևէ կապ չունի այդ դեպքի հետ և իր մոտ երկաթե ձող չի եղել:

«Թեև դատարանում նա հայտարարեց, որ ինքը այդ մեղադրանքների հետ կապ չունի, սակայն դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց այն պատճառով, որ նա չի ընդունում մեղքը: Սակայն Արմենը ասաց` ինչպես ընդունեմ, եթե ես չեմ կատարել»,-ասաց նա:

Վ. Չախալյանի խոսքով` եղբոր դեմքին բազմաթիվ վնասվածքներ են եղել, ինչի մասին նա հայտարարել է դատարանում:

«Նա հայտարարեց, որ այդ վնասվածքները նա ստացել է ձերբակալման ժամանակ: Այդ մասով պետք է հետաքննություն իրականացվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վրաստանում ձերբակալել են ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վ. Չախալյանն ասաց, որ այս գործով նախօրեին ազատ են արձակել ձերբակալված ևս մեկ հոգու, իսկ Ա. Չախալյանին «պարզ է, որ ազատ չեն արձակել»:

Aysor.am-ի հարցին` դա կապում եք Ձեր քաղաքական գործունեության հետ, Վ. Չախալյանը նշել էր. «Այդպես է ստացվում»:

«Իմ եղբայրը գնացել է այդ վեճը հարթելու և միայն 1 հոգու ցուցմունքի հիման վրա, որ տեսել է նրան այդ վայրում, նրան ձերբակալել են: Նա ամենաշատն է վնասվածքներ ստացել, մենք տեղեկություններ ունենք, որ ոստիկանները մեքենայի մեջ մի քանի անգամ խփել են նրա դեմքին: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և երկաթե ձող ունենալու համար, սակայն նրա մոտ նման բան չի եղել»,-ասել էր նա:

Նախորդող հրապարակում` Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը

Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել

 

Վահագն Չախալյանի եղբորը 2 ամսով կալանավորեցին