.jpg)
Երազում են սահմանամերձ Չինարիի երեխաները. «Մենակ խաղաղություն թող լինի»
Արամը 12 տարեկան է: Կրակոցներ շատ է լսել: Ասում է` էլ չի վախենում ու ավելացնում ` մենք խի՞ պիտի վախենանք, իրանք վախենան թող:

Արամն իր 53 համագյուղացի-ընկերները հետ երկու օրով Երևան է եկել: Զբոսանքները տղային շատ են դուր եկել, բայց միևնույն է` գյուղը շատ է կարոտել:
«Մեր գյուղիցը լավ տեղ աշխարհու~մ չկա»,- ասում է Արամն ու ծիծաղում:
Չինարեցին երկու եղբայր ունի. «Մի եղբայրս տանն ա` Չինարիում, մյուսն էլ մեկ ամիս առաջ բանակ գնաց` զինվոր ա: Ղարաբաղի Հադրութում ա ծառայում` շատ եմ կարոտում»:
-Կուզե՞ս դու էլ զինվոր լինես,- հարցնում եմ:
-Հա բա ինչ,- ոգևորված պատասխանում է Արամը:
Երևանում նրան ամենաշատը ջրային ատրակցիոններն են դուր եկել, բայց գյուղում էլ տղաները «ջրի պակաս» չունեն:
«Ամբողջ ամառ գնում ենք մեր կողքի գետումը լողանում: Շատ լավ ա: Ստեղի նման լավ սարքած չի տեղը, բայց մեր գետն ա, սաղ քար ու փոսը գիտենք»,- բացատրում է չինարեցին:
-Արա՛մ, իսկ ի՞նչ կուզեիր, որ ձեր գյուղում կառուցվեր: Օրինակ՝ Երևանում շատ խաղահրապարակնե տեսար, կուզեի՞ր ձեր մոտ էր լիներ:
-Մեր գյուղում հինչ կա` լավ ա, մենակ թե խաղաղություն լինի…
Տիգրանը 10 տարեկան է: Ունի 9 տարեկան մեկ քույր: Իր ընտանիքը տղան շատ է սիրում:
«Մենակ պապան ա որ ստեղ չի՝ Ռուսաստան ա, կարոտում եմ, բայց երեք ամիսը մեկ գալիս ա»,- պատմում է տղան:

«Բա գիտե՞ս ես չորրոդ դասարան եմ ու ֆուտբոլով մեր վեցերորդ դասարանին միշտ կրում ենք»,- իր ուրախությամբ կիսվում է Տիկոն:
-Բա ֆուտբոլ խաղալու տեղը վտանգավոր չի՞: Չեն կարա՞ կրակեն:
-Հա, որ կարան ի՞նչ: Կարող ա մեր խաղը թողենք պիտի,- պատասխանում է Տիգրանը:
-Երազանք ունե՞ս, Տի՛կ:
-Հա, խաղաղություն եմ ուզում ` էդքան բան:
Կորյունը 12 տարեկան է: Երկու եղբայր ունի` Նարեկն ու երեք ամիս առաջ ծնված Մելիքը: Ընդ որում Մելիքը սահմանամերձ Չինարիի ամենաերիտասարդ բնակիչներից մեկն է:

«Ախպերներս տանն են մնացել: Հա, սիրում եմ իրանց: Արդեն դաժե կարոտել եմ»,- անկեղծանում է Կորյունը:
-Կլինի՞ քեզ նկարեմ,- հարցնում եմ:
-Չէ', չէ', չէ': Ես էդ ինտերնետները չեմ ուզում ընկնեմ:
-Լավ գոնե կասես էդ ինչ ես տենց երկար նկարում: Ձեր գյուղն ա՞:
-Ըհը, էս մեր տունն ա, էս իմ ախպեր Նարեկը, էս էլ ես եմ` ֆուտբոլ եմ խաղում: Խաղաղություն ա…

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի երեխաները Երևան են եկել «2 օր հեքիաթում» ծրագրով: Ծրագիրը կազմակերպվել է BlogNews.am-ի թիմի և «Փրոմոթո» ընկերության կողմից: Ծրագիրն իրականացվում է գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության, ՀՀ Տրանսպորտի և Կապի Նախարարության, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, «Կիլիկիա» գործարանի, «Ալադդին» ժամանցի կենտրոնի, «Աքվատեկ» համալիրի, «Լյուսինկա» կենտրոնի հովանավորությամբ և «Okaidi» բրենդային խանութի, «Կապիտալ» հյուրանոցի, Երևանի Տարածանաշրջանային Քոլեջի, Իմեգա տուր, Արշավներ ակումբի, և Mr. Barbique արագ սննդի կետի աջակցությամբ: