.jpg)
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություն կանցկացնեն: Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ տեղեկացրել է ԻԻՀ բանակի ծովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին:
Ծովակալ Սայյարին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համագործակցությանը, նշել է. «Ռուսաստանի կողմից քննարկման է ներկայացվել համատեղ զորավարժություն անցկացնելու գաղափար: Կողմերի միջև համապատասխան քննարկումներ անցկացվելուց և Իրանի Իսլամական Հանրապետության որոշումից հետո համատեղ զորավարժություն կանցկացվի»:
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև տեղեկացրել է, որ այս տարի բանակի ծովային ուժերի կողմից կօգտագործվեն «Ֆաթեհ» սուզանավն ու «Ջոմարան 2» ռազմանավը:
Նկատենք, որ ս.թ. մարտ ամսին Իրանը Կասպից ծով էր իջեցրել «Ջոմարան 2» ռազմանավը: Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին, հայտարարել էր, որ Կասպից ծովում «Ջոմարան 2» ռազմանավի տեղակայման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների պահպանությունը, ահաբեկչության, թմրանյութերի և թրաֆիքինգի դեմ պայքարող կառույցներին օժանդակելն է: