.jpg)
Կահիրեում ցուցարարները հրկիզել և թալանել են իշխող կուսակցության շտաբը
Կահիրեում ցուցարարները գրավել են իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցության շտաբ-բնակարանը: Նրանք սկզբում այրել են շենքը, այնուհետ ջարդուփշուր արել այն: Այս մասին հայտնում է France Presse-ն՝ հղում կատարելով ականատեսներին:
Գրասենյակում գրոհի պահին մարդ չի եղել, նրանց շենքից տարհանել էին հուլիսի 1-ի առավոտյան: Ականատեսները հայտնում են, որ շտաբ-բնակարանի պատուհաններից նետել են տարբեր տեսակի իրեր, շենքից դուրս է բերվել նաև կահույքը:
Reuters գործակալությունը, հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրներին, հայտնում է, որ գրոհի ժամանակ զոհվել է 5 մարդ, վիրավորվել 100-ը:
«Մուսուլման եղբայրների» շտաբ-բնակարանի գրոհը շարունակվում էր հունիսի 30-ից: Ցուցարաները շենքի ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել: Շտաբ-բնակարանում գտնվող մարդիկ, այդ թվում և պահակները, կրակ են բացել ցուցարարների վրա:
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսում նախագահ Մուրսիի նախագահության մեկ ամյակը նշվել է զանգվածային մեծ ցույցերով: Միայն Կահիրեում և Ալեքսանդրիայում փողոցներ են դուրս եկել միլիոնավոր մարդիկ: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ, տարբեր տվյալների համաձայն՝ այն տատանվում է 5-14-ի սահմաններում: Վիրավորվել է ավելի քան 600 մարդ: