.jpg)
Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գազ արտահանող երկրների (Գազային ՕՊԵԿ) ղեկավարների նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Մոսկվա: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ մինչ մեկնելը Մահմուդ Ահմադինեժադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Մոսկվայում կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են գազի գների հաստատման, անդամ երկրներում գազային պաշարների ղեկավարման հետ կապված հարցերը:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ «Գազային ՕՊԵԿ»-ի նիստի շրջանակներում նախատեսված է նաև Պուտին-Ահմադինեժադ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն, երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև՝ Սիրիային, Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող զարգացումներին, Կովկասին, Կասպից ծովի տարածաշրջանին առնչվող հարցեր:
Հավելենք, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. օգոստոսի 2-ին:
Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց բարեփոխական թեկնածու Հասան Ռոուհանին՝ ստանալով 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%):
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ նախօրեին ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում:
«Իրանի նոր կառավարությունը՝ որպես իրանական հնագույն քաղաքակրթության և իսլամական հարուստ մշակույթի մի մասնիկ, բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի միջոցով աշխարհի երկրների հետ զարգացնի և ընդլայնի իր հարաբերությունները»,- նշել էր Իրանի նորընտիր նախագահը: