.jpg)
Հայաստանի սուսերամարտի հավաքականը վերադարձավ 6 մեդալով
Հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարից Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը վերադարձավ 6 մեդալով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մեր մարզիկները մասնակցում էին խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերում: Մրցաշարի թեժ պայքարում խոցասուսեր տղաներ զենքաձևում 2-րդ տեղը զբաղեցրել են «Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը» ներկայացնող Էդուարդ Հովիկյանը, խոցասուսեր աղջիկներ զենքաձևում սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան և ճկասուսեր զենքաձևում Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խմբի սան Մայքլ Հովհաննեսյանը:
3-րդ տեղերը զբաղեցրել են Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը` ճկասուսեր տղաներ զենքաձևում, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը` տղաներ զենքաձևում և սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը` ճկասուսեր աղջիկներ զենքաձևում:
Ընդհանուր հաշվարկով մեր մարզիկները նվաճել են 6 մեդալ: