Դատարանի ու «Հարսնաքարի» գործով տուժող կողմի դիրքորոշումները չհամընկան
02/07/2013 20:21

Դատարանի ու «Հարսնաքարի» գործով տուժող կողմի դիրքորոշումները չհամընկան

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, «Հարսնաքարի» գործով այսօրվա նիստում հարցաքննվեցին ևս 2 լրացուցիչ վկաներ:

«Փաստինֆոյի» փոխանցմամբ` ռեստորանային համալիրի շրջիկ պահակներ Խաչատուր Սարգսյանը և Կառլեն Ստեփանյանը, ովքեր նշված օրը եղել են աշխատանքային վայրում՝ «Հարսնաքարում», դատարան էին հրավիրվել տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի ու Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ: Վկաները իրենց ցուցմունքում նշեցին, որ միջադեպի օրը ռեստորանի հաճախորդներից են տեղեկացել տեղի ունեցած վիճաբանության մասին, սակայն այլ մանրամասներ չեն իմացել:

Վկաները նշեցին նաև, որ միջադեպի օրը` 2012թ. հունիս 17-ին, Ռուբեն Հայրապետյանին տեսել էին ռեստորանային համալիրի տարածքում, սակայն կոնկրետ ժամը չհիշեցին: Նրանք նաև նշեցին, որ արյուն և պատառոտված շորեր ռեստորանային համալիրի տարածքում չեն տեսել: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, թե արդյոք վկա Խաչատուր Սարգսյանը տեղյա՞կ է ռեստորանային համալիրում տեսախցիկների առկայության մասին, վկան ասաց, որ չգիտի:

Վկայի հարցաքննության ավարտից և դատական նիստերի դահլիճից հեռանալուց հետո միայն Տիգրան Եգորյանը վկայի ցուցմունքներում էական հակասություններ տեսավ և միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Տուժողների ներկայացուցիչն սկսեց ընթերցել ցուցմունքը, ինչի դեմ առարկեց պաշտպանական կողմը: Այնուամենայնիվ, Տ.Եգորյանն ընթերցեց վկայի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Դատարանը համաձայնեց պաշտպանական կողմի հետ՝ գտնելով, որ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև էական հակասություններ չկան և միջնորդությունը մերժեց: Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 14-ին:  

Դատարանի ու «Հարսնաքարի» գործով տուժող կողմի դիրքորոշումները չհամընկան