.jpg)
ՀՀ դատախազը Կիպրոսի դատախազին միջնորդությունների փաթեթ է փոխանցել
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին:
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության մասին հուլիսի 1-ին ստորագրված հուշագիրը և հույս հայտնել, որ այն կնպաստի և նոր որակ կհաղորդի երկու երկրների իրավապահների համագործակցությանը։
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ կոնկրետ քրեական գործով իրավական օգնության մասին միջնորդություն է ուղարկվել Կիպրոս՝ դիվանագիտական ճանապարհներով։ Հաշվի առնելով, որ արդեն առկա է ստորագրված երկկողմանի փաստաթուղթ՝ ՀՀ Գլխավոր դատախազը Կիպրոսի գլխավոր դատախազին է փոխանցել հասարակական հնչեղություն ստացած քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների կրկնօրինակները։
Տեղեկացնենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2012 թվականի օգոստոսի 6-ին հարուցված քրեական գործին, որով իրավական օգնություն ցուցաբերելու մասին Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղղված Հայաստանի ոստիկանության՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ուղարկվել է 2012 թվականի սեպտեմբերին։ Նույն քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ, Կիպրոսի գլխավոր դատախազին ուղարկվել է 2013 թվականի հունիսի 19-ին։
Միջնորդությունների վերաբերյալ փաթեթը հանձնելով Կիպրոսի գլխավոր դատախազին՝ ՀՀ գլխավոր դատախազը նաև խնդրել է հանձնարարել Կիպրոսի համապատասխան ծառայություններին` հնարավորինս սեղմ ժամկետում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին հայտնել Հայաստանի գլխավոր դատախազությանը։
Կիպրոսի գլխավոր դատախազը վստահեցրել է, որ կհանձնարարվի իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել միջնորդության կատարումը։