.jpg)
Ահմադինեժադ. Սիրիայի հարցում Իրանի ու Ռուսաստանի մոտեցումները նման են
Արևմուտքը չի ցանկանում, որ սիրիական հակամարտությունը լուծվի: Այս մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը Մոսկվայում ռուս մտավորակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին մասնավորապես նշել է. «Իմ կարծիքով, Արևմուտքը չի ցանկանում, որպեսզի սիրիական հակամարտությունը լուծվի, քանի որ դրա շարունակումը բխում է նրանց շահերից, իսկ ինչ վերաբերում է Իրանին և Ռուսաստանին, ապա մեր երկրները Սիրիայի հարցում ունեն նման մոտեցումներ և մինչև այն պահը, որը Ռուսաստանը կկանգնի, մենք էլ կկանգնենք»:
Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից «S 300» ՀՀՊ համակարգերը Իրանին չտրամադրելու փաստին, նշել է. «Դժբախտաբար, ինչ-որ պատրվակի պատճառով երկու երկրների միջև վստահության անկում եղավ. Ներկայում բանակցություններ են ընթանում և ես կարծում եմ, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցության ապագան շատ լավ է լինելու»:
Հավելենք, որ ԻԻՀ գործող նախագահը նախօրեին ՌԴ մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու «Գազային ՕՊԵԿ»-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովին:
Նկատենք, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. օգոստոսի 2-ին: Հավանաբար նրա մոսկովյան այցը նախագահի պաշտոնում կլինի վերջինը:
Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց բարեփոխական թեկնածու Հասան Ռոուհանին՝ ստանալով 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%):
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում: