ՎՊ. Արձանագրվել է ոչ միայն շինարարական, այլև քաղաքաշինական խախտումներ
02/07/2013 18:13

ՎՊ. Արձանագրվել է ոչ միայն շինարարական, այլև քաղաքաշինական խախտումներ

Այսօր Վերահսկիչ պալատի բացահայտումներին անդրադարձել էր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը. նախարարի պազաբանումներին հետևել է ՎՊ-ի պատասխանը: Նախ նախարարն անդրադարձել էր տերմինոլոգիային, նշելով, որ ՎՊ բացահայտումները թեև վերաբերում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Սամվել Թադևոսյանն այն կարծիքին էր, որ ՎՊ-ն պետք է նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:

Վերահսկիչ պալատի հաղորդագրության մեջ նշվում է. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`

ա) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային oգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.

բ) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.

գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ:

Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011 թ 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:

Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը»:

ՎՊ. Արձանագրվել է ոչ միայն շինարարական, այլև քաղաքաշինական խախտումներ