Դե Վաալ. ԼՂ հակամարտությունը ոչ միայն չի լուծվում, այլև` ավելի է բարդանում
02/07/2013 16:34

Դե Վաալ. ԼՂ հակամարտությունը ոչ միայն չի լուծվում, այլև` ավելի է բարդանում

ԼՂ հակամարտության մեջ կա որոշակի օրգանականություն, որը հիմնախնդրի ծագումը դարձում էր անխուսափելի: Այս մասին «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի վերախմբագրված հրատարակման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Կարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

Հիմնախնդրի անխուսափելիության հիմքը, ըստ նրա, Խորհրդային միության թողած ժառանգությունն էր:

«ԼՂ հակամարտությունը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլև` գնալով ավելի է բարդանում. Կողմերի միջև վստահության պակասը գնալով էլ ավելի է խորանում»,- ասաց վերլուծաբանը` հավելելով, թե շատ բան տեղի է ունենում հիմնախնդրի շուրջ, սակայն բուն հիմնախնդրում ոչինչ չի փոխվում:

Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, ապա Թոմաս դե Վաալը կարծում է, որ պատերազմի ռիսկը թեկուզ ոչ ընդգծված, սակայն առկա է:

Վերլուծաբանի կարծիքով` երկու կողմերն էլ ագրեսիվ են, սակայն հայկական կողմը պակաս չափով է ագրեսիվ: Երբ հայերը կարդում են Ալիևի հայտարարությունները, բնականաբար, անվստահություն ու վախ է առաջանում, բայց ադրբեջանական հասարակությունը, Թոմաս դե Վաալի գնահատմամբ, նոր պատերազմ չի ուզում` չնայած Ադրբեջանում նոր սերունդն ավելի ագրեսիվ է, քան նրանց հայրերն ու պապերը:

«Ադրբեջանն ավելի շահագրգռված է փոխելու ստատուս քվոն, բայց պատերազմի վերսկսման դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ամեն ինչ կորցնել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի խնդրին` բանախոսը նշեց, որ նա ոչ բոլոր ադրբեջանցիների համար է հերոս. «Շատերը նույնիսկ սարսափած էին կատարվածից։ Նույնիսկ իշխանությունն ուշացումով հասկացավ, որ դա սխալ քայլ էր, պարզապես ճիշտ հաշվարկ չէր»:

Խոսելով իր հեղինակած գրքի վերահրատարակման մասին` նա հայտնեց, որ այնտեղ տեղ է գտել մի գլուխ, որում խոսքը վերաբերում է վերջին տասը տարիներին ադրբեջանական նավթային բումին, այդ երկրում Իլհամ Ալիևի իշխանության գալուն, Հայաստանում Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուն:

«Գիրքը հակամարտության լուծմանը որևէ կերպ չի օգնել, սակայն դրանում շատ են դրվագները, որոնք նորություն են ընթերցողների համար: Գրքի վերախմբագրումը չի նշանակում, որ իր հայացքներն ու դիրքորոշումը փոխվել են, թեև գրքի առաջին հրատարակումից հետո կոնֆլիկտը դեռևս չի լուծվել, բայց շատ բան, այնուամենայնիվ, փոխվել է»,- եզրափակեց խոսքը Թոմաս դե Վաալը։
 

Դե Վաալ. ԼՂ հակամարտությունը ոչ միայն չի լուծվում, այլև` ավելի է բարդանում