Լրանում է ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման 25-ամյակը
03/07/2013 20:19

Լրանում է ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման 25-ամյակը

Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման փաստը: Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ արտգործնախարարությունը ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման 25-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Անկասկած, Իրանի ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու այդ անմարդկային արարքն ու հիշյալ ոճրագործության հեղինակների պարգևատրումը: Մարդու իրավունքների պաշտպանները պիտի պատասխանատու լինեն այդ անմարդկային արարքի հանդեպ ցուցաբերած լռության համար»:

Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 25 տարի առաջ՝ 1988 թվականի հուլիսի 3-ին, ամերիկյան «Վինսենս» նավի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կողմն արձակված հրթիռի հետևանքով զոհվեցին բոլոր 290 ուղևորները:

«Այդ ինքնաթիռի կործանումից հետո ամերիկացի պաշտոնյաներն իրենց աններելի այդ արարքը պատճառաբանելու համար հակասական հայտարարություններ հնչեցրին և փորձեցին այդ թշնամական արարքը ներկայացնել որպես պարզ սխալ, սակայն նկատի առնելով, որ «Վինսենս» ռազմանավը օժտված է եղել ռադարային ու համակարգչային ամենաարդիական սարքավորումներով, ինչպես նաև՝ հաշվի առնելով թռչող ինքնաթիռի տեսակը, պարզ է դարձել, որ բացառվում է սխալ թույլ տրվելու հավանականությունը և այդ քայլը լիովին թշնամական է եղել»,- նշում է իրանական աղբյուրը: 

Լրանում է ԱՄՆ-ի կողմից իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանման 25-ամյակը