Սիրիական հակամարտությունում ավելանում են ներմուսուլմանական հակասությունները
03/07/2013 21:21

Սիրիական հակամարտությունում ավելանում են ներմուսուլմանական հակասությունները

Մայիսի կեսերից Սիրիայում ռազմավարական կարևորություն ունեցող Ալ-Կուսայր քաղաքը, որը գտնվում է Լիբանանի սահմանից մոտ 15 կմ հեռավորության վրա, երկարատև և ինտենսիվ մարտերից հետո անցավ սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ: Այն զբաղեցնում է կարևոր ռազմավարական դիրք. այստեղով են անցնում ընդդիմադիր զինյալներին Լիբանանից եկող ռազմական, ֆինանսական խողովակները, և այստեղ են գտնվում Սիրիայի միջերկրածովյան ափամերձ շրջաններն այլ հատվածների հետ կապող կարևոր ռազմավարական նշանակության ուղիները:

Կառավարական ուժերը, օգտվելով տարածաշրջանային գործընթացներից, հատկապես Թուրքիայում ծայր առած դժգոհությունների ալիքից և Ալ-Կուսայրի նվաճմամբ ապահովելով իրենց թիկունքը, սկսեցին ինտենսիվ մարտեր վարել առավել հյուսիս ընկած շրջաններում, որտեղ ունենալով պարտիզանական մարտերի զգալի փորձ կառավարական ուժերի կողքին մարտնչում են «Հիզբալլահի» էլիտար ստորաբաժանումները: Վերջիններիս կողմից սիրիական ուժերին տրվող աջակցությունը մինչ այդ որոշ չափով ծածուկ էր արվում, սակայն Ալ-Կուսայրում և դրանից հետո ծավալված ռազմական գործողություններում այն առավել զգալի և բացահայտ բնույթ ստացավ:

Սիրիական հակամարտությանը «Հիզբալլահի» ակտիվ ներգրավվածության մասին բազմիցս անդրադարձել է կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլահը, ով ապրիլի 30-ին վերադառնալով Թեհրանից հայտարարեց, որ պետք է աջակցել  շիա եղբայրներին Սիրիայում` կոչ անելով կրոնական պատերազմ մղել սուննի ծայրահեղական կառույցների դեմ:

Շիական արմատական խմբավորման նման մարտավարությունը չէր կարող անարձագանք մնալ սուննիական հատկապես արմատական շրջանակներում, ինչին հետևեց քննադատությունների մեծ ալիքը. Ալ-Ազհարի շեյխ Ահմադ Աթ-Թայիբի, սաուդական մուֆտի Աբդ Ալ-Ազիզ Աշ-Շեյխի, սուննիական արմատական աստվածաբան Յուսուֆ Ալ-Կարադաուիի և այլոց կողմից քննադատության արժանացան «Հիզբալլահի» գործողությունները Սիրիայում` հայտարարելով, որ սուննիները իրավունք ունեն աջակցել ընդդիմադիրներին Սիրիայում և կռվել շիաների դեմ: Հունիսի 5-ին համացանցում տարածվեց «Ալ-Կաիդա» իսլամական ծայրահեղական կազմակերպության առաջնորդ Այման Ազ-Զաուահիրիի` մոտ 20 րոպեանոց տեսաուղերձը, որտեղ Ազ-Զաուահիրիի կողմից կարևորվում է Սիրիայում ընթացող ջիհադական պայքարը` շեշտելով ընթացող պայքարի հակաամերիկյան և հակաշիական բնույթը` կոչ անելով բոլոր մուսուլմաններին գալ և մասնակցել այդ ջիհադին:

Սիրիայում տեղ գտած գործընթացներում խորը արմատներ գցող սուննի-շիա հակամարտությունը, որն էլ ավելի ակնհայտ դարձավ Ալ-Կուսայրից հետո, տեսանելի է դառնում նաև տարածաշրջանում ընթացող կոնֆեսիոնալ հակասությունների առնչությամբ. Լիբանանում չդադարող սուննի-շիա բախումները, որոնք վերջին օրերին աննախադեպ աճել են, ամենախոշոր արաբական երկիրը հանդիսացող Եգիպտոսի նախագահի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումը Սիրիայի հետ և այդ ֆոնին Եգիպտոսում ավելացող հակաշիական տրամադրությունները, սուննիական ծայրահեղականների ակտիվությունն ու ահաբեկչություններն ուղղված Իրաքի շիա բնակչության դեմ, Սաուդյան Արաբիայի հարավ-արևելյան շիաբնակ տարածքներում դժգոհությունները, Բահրեյնում շիական մեծամասնության անջատողական տրամադրությունները և այլն սուննի-շիա հակամարտությանը նոր թափ են հաղորդում, ինչը անդառնալի հետևանքներ է ունենալու հակամարտության կոնֆեսիոնալ բնույթի վրա, որտեղ բացահայտ դրսևորվում է հակամարտության դավանական ներմուսուլմանական կողմը:
 

Սիրիական հակամարտությունում ավելանում են ներմուսուլմանական հակասությունները