.jpg)
Տ. Քոչարյան. Պետական գաղտնիքի տիրապետողները պետք է վերահսկվեն սոցցանցերում
«Համացանցը բաց տարածք է, որտեղ ազատ տարածելով անձնական որևէ տեղեկատվություն, չպետք է զարմանալ, որ մի օր դա քո դեմ դուրս կգա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով` տարբեր պաշտոնյաներ սրճարաններում Wi-fi-ով մտնում են սոցցանցեր, առանց մտահոգվելու, որ այդպես իրենք իրենց տվյալները հերթական օղակին են փոխանցում:
Անդրադառնալով սոցցանցերում ծանոթություններին և դրանց միջոցով պետական գաղտնիք պարունակող տվյալներ փոխանցելուն, նա նշեց՝ կողմ է, որ ՊՆ-ի և ուժային այլ կառույցների կարևոր պաշտոնյաները, ովքեր պետական գաղտնիքի են տիրապետում, լուրջ վերահսկողության տակ լինեն:
Այս պարագայում նա անտեղի է համարում խոսքի ազատության և անձնական կյանքի գաղտնիության մասին խոսակցությունները, որովհետև տվյալ մասնագիտություն ընտրողները պետք է գիտակցեն, որ մասնագիտություններ կան, որոնք որոշակի պատասխանատվություն են ենթադրում:
Տ. Քոչարյանի խոսքով` նույնը նաև զինվորների դեպքում է, ովքեր եթե համացանցում բողոքեն իրենց հրամանատարությունից, հակառակորդը կարող է պատկերացում կազմել մեր թույլ կողմերի մասին:
Ասուլիսի մյուս բանախոս` տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, սակայն, ներկայումս դժվար է տարբերակել գաղտնիքը ոչ գաղտնիքից. «Հայաստանը անընդհատ հերքում էր, որ S 300 ունի, բայց ամբողջ համացանցը գիտի անգամ, թե որտեղ են դրանք տեղակայված»,-ասաց նա:
Տ. Քոչարյանը նաև խորհուրդ տվեց զերծ մնալ տարբեր սոցցանցերում կասկածելի ծառայություններ ակտիվացնելուց, որովհետև այդ դեպքում մենք ուղակի նվիրում ենք մեր գաղտնաբառը այդ ծառայությանը: