«Եգիպտոսի անվտանգության ուժերը պետք է պաշտպանեն բոլոր քաղաքացիներին»
04/07/2013 12:21

«Եգիպտոսի անվտանգության ուժերը պետք է պաշտպանեն բոլոր քաղաքացիներին»

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եգիպտոսի անվտանգության ուժերին, այդ թվում և բանակին կոչ է արել պաշտպանել բոլոր քաղաքացիներին: Այս մասին հայտնում է France Presse-ն:

«Բանակը իր իշխանության սահմաններում պետք է անի ամեն ինչ՝ մարդու իրավունքները և Եգիպտոսում բոլորի անվտանգությունը պաշտպանելու համար՝ անկախ քաղաքական կողմնորոշման»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ընդգծել է, որ զինվորականների համար այժմ, ավելի քան երբևէ կարևոր է կյանքի կոչել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրենքները:

«Եղել են խոսքի ազատության վրա ճնշումներ, նախագահին աջակցող մի շարք հեռուստաընկրությունները լուռ էին, երբ տապալվեց Մուրսին և ձերբակալվեցին նրա կողմնակիցները: Ոչ ոք չի պատժվելու ազատ արտահայտվելու իրավունքի համար»,-ավելացրել է Շեթին:

Միջազգային իրավապաշտպան մեկ այլ կազմակերպություն՝ Human Rights Watch-ը, նույնպես անդրադարձել է Եգիպտոսում մարդու իրավունքերի ոտնահարմանը՝ իր մտահոգությունն արտահայտելով հատկապես կանանց նկատմամբ սեռական բռնությունների աճի հետ կապված: Ըստ կազմակերպության տվյալների՝ չորս օրում Թահրիր հրապարակում սեռական բռնության զոհ է դարձել մոտ 100 կին:

HRW-ը եգիպտացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կոչ է արել «դատապարտել կատարվածը և անհապաղ քայլեր ձեռնարկել խորհրդանշական հրապարակում սեռական բռնությունները կանխելու համար»:

Նախորդող հրապարակում՝ Եգիպտոսում հեղաշրջում է տեղի ունեցել. Մուհամեդ Մուրսին ձերբակալված է
 

«Եգիպտոսի անվտանգության ուժերը պետք է պաշտպանեն բոլոր քաղաքացիներին»