.jpg)
Լ. Զուրաբյան. Նախագահը գերազանցել է լիազորությունները. Իմպիչմենթի հիմք է
Գործող Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտնի խորհրդակցության ժամանակ ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ և ինչ քանակով է պետք հարուցել քրաեկան գործը՝ կանխատեսելով քննության արդյունքները: Ընթացող ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցին և դրա հետ կապված հունիսի 29-ին նախագահական նստավայրում անցկացված հայտնի խորհրդակցությանը, նման դիտարկում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ըստ էության, Սերժ Սարգսյանը հրապարակորեն ճնշում գործադրեց ՎՊ նախագահի և ողջ այդ կառույցի վրա: Այսկերպ՝ ՎՊ-ն հավասարեցրին հողին, և հավասարեցնողը ոչ այլ ոք էր, քան Սերժ Սարգսյանը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը գերազանցել է իր լիազորությունները. «Եթե այլ երկրում ապրեինք, ապա նրա այդ գործողությունները կլիներ իմպիչմենթի ենթարկելու հիմք, սակայն մենք ապրում ենք Հայաստանում»:
Լ. Զուրաբյանի գնահատմամբ՝ ՎՊ-ն չարաշահումների նման զեկույցներ ներկայացրել է դեռ 2008-ին, սակայն, ինչպես ասաց նա, իր համար զարմանալի է, թե ինչո՞ւ է 2012-ի չարաշահումների զեկույցը նման մեծ աղմուկ բարձրացրել: