.jpg)
Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսության ոլորտը աճ է արձանագրել
«Հունվար-մայիս ամիսների արդյունքներն ամփոփվել են և գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս տնտեսական աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը՝ 1.4 տոկոս, ձկնաբուծությունը՝ 35.21»,- այսօր կառավարությունում վարչապետին զեկուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ մինչև տարեվերջ ունենալու ենք բարձր բերք, հատկապես հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք կա այս տարի, կլիմայական պայմանները շատ բարենպաստ էին:
Հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է՝ տավարինը մոտավորապես 68 հազարով և կազմել է 668 հազար գլուխ, որից կովերինն ավելացել է 20 հազարով, ոչխարներինն ու այծերինը՝ 84 հազար 500 գլխով և կազմել է 675 հազար գլուխ:
Կառավարության կողմից իրականացվում է արոտավայրերի բարելավման ծրագիր, որի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Ջրարբիացվել է լեռնային արոտավայրերից 62 կմ, ընթացքի մեջ են ևս 61 կմ ջրարբիացման աշխատանքներ, գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել են խմոցներ:
«Երկու տարի առաջ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն 140 դրամից պակաս չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին՝ 180-200 դրամով»,- ասաց նախարարը:
Սերգո Կարապետյանը չմոռացավ խոսել ոլորտի խնդիրներից, սակայն նշեց, որ «չլուծված հարցեր» կան, որոնք, սակայն այն հարցերն են, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին և այսօր ներառված են կառավարության առաջիկա ծրագրերում: