Ա. Չախալյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել. 150 հոգուց 1-ն է տեսել նրան
04/07/2013 13:52

Ա. Չախալյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել. 150 հոգուց 1-ն է տեսել նրան

Արմեն Չախալյանի փաստաբանը բողոք է ներկայացրել նրան 2 ամսով կալանավորելու որոշման դեմ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով` իր եղբոր դեմ առաջադրված մեղադրանքներում կան բազմաթիվ թերություններ: 

«Վեճի 150 մասնակիցներից միայն 1-ն է ասել, որ տեսել է նրան դեպքի վայրում, այն էլ չի ասել, որ նրա ձեռքին երկաթ է եղել, կամ էլ նա խփել է: Իսկ տուժողներից որևէ մեկը չի ասել, որ Արմենն է իրեն խփել: Նրանց վկայությամբ, նրանք Արմենին տեսել են գետնին ընկած վիճակում, սակայն դատախազը գրել է` ենթադրվում է, որ նա է խփել և դրա հիման վրա 2 ամսով կալանավորել են: Նույնիսկ մարդու գլխին գործ սարքել չեն կարողացել: Եվ բացի այդ, ով է տեսել, որ խուլիգանության համար հատուկ ջոկատայինների հանեն, որոնք ամբողջ օրը եղել են տարածքում: Դա ուղղակի ուժի ցուցադրում է եղել նրանց կողմից»,-ասաց Վ. Չախալյանը, նշելով, որ գոնե մի փոքր արդարություն լինելու դեպքում իր եղբորը պետք է անհապաղ ազատեն:

Ավելի վաղ Վ. Չախալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարցին` դա կապում եք Ձեր քաղաքական գործունեության հետ, նշել էր. «Այդպես է ստացվում»:

«Իմ եղբայրը գնացել է այդ վեճը հարթելու և միայն 1 հոգու ցուցմունքի հիման վրա, որ տեսել է նրան այդ վայրում, նրան ձերբակալել են: Նա ամենաշատն է վնասվածքներ ստացել, մենք տեղեկություններ ունենք, որ ոստիկանները մեքենայի մեջ մի քանի անգամ խփել են նրա դեմքին: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և երկաթե ձող ունենալու համար, սակայն նրա մոտ նման բան չի եղել»,- ասել է նա: 

Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Նախորդող հրապարակում` Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել

Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Վահագն Չախալյան. Այսօր կորոշվի Արմեն Չախալյանի խափանման միջոցը

 

Ա. Չախալյանի կալանքի դեմ բողոք է ներկայացվել. 150 հոգուց 1-ն է տեսել նրան