.jpg)
Դոբրի անունով մուրացկանը զբաղվում է բարեգործությամբ
Երկար, սպիտակ մորուք, տրեխներ, բրդե հագուստ. հենց այսպիսին է Բուլղարիայում բնակվող 98-ամյա Դոբրի անունով պապիկը: Դոբրին բնակվում է Բաիլովո գյուղում:
Ամեն առավոտ նա արթնանում ու ոտքով գնում է մայրաքաղաք Սոֆիա: 10 կմ ճանապարհը պապիկը կտրում է ոտքով միայն մի նպատակի համար` նվիրել ջերմություն ու բարություն:
Դոբրին մարդկանց հետ շատ քիչ է շփվում, բայց միաժամանակ չի խուսափում նրանցից: Ոմանք նրան հրեշտակ կամ ճանապարհորդ են համարում, ոմանք էլ` նրան համարում են սովորական մուրացկան:
Դոբրիին ամեն օր, ամեն եղանակի կարելի է հանդիպել Ալեքսանդր Նեվսկու տաճարի մոտ, որտեղ նա գումար է հավաքում: Դոբրին ունի 4 երեխա ու ամսական 100 եվրո թոշակ է ստանում:
Չնայած սրան, նա ամեն օր շարունակում է, իր խոսքով` «բարի գործ» անել ու գումար հավաքել տաճարի դիմաց: Ընդ որում, Դոբրի պապիկը երբեք չի բացահայտում, թե ինչում է կայանում նրա այդ բարի գործը:
Երկար տարիներ տևող այս առեղծվածը բացահայտեցին բուլղարացի լրագրողներն այն ժամանակ, երբ սկսեցին անդրադառնալ Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարի վերականգնման աշխատանքներին:
Պարզվեց, որ տաճարի վերականգնման համար մեծագույն նվիրատվությունը եղել է՝ 40 հազար եվրո, և այն տրվել է հենց Դոբրի պապիկի կողմից:
Հետագայում պարզվել է, որ սա Դոբրիի միակ բարի գործը չէ: Ավելի վաղ պապիկն իմացել է, որ էլկտրաէներգիայի վճարումները չկատարելու պատճառով հնարավոր է փակվի Սոֆիայի մանկատներից մեկը: Պապիկը մինչև վերջին կոպեկը վճարել է մանկատան պարտքերը: