Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներին» մեղադրում են պետական դավաճանության մեջ
06/07/2013 14:24

Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներին» մեղադրում են պետական դավաճանության մեջ

Եգիպտացի հայտնի լիբերալ քաղաքական ու հասարակական գործիչ Մահմուդ Համզան հայց է ներկայացրել Եգիպտոսի Գլխավոր դատախազություն, որում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ղեկավարությանը մեղադրում է պետական դավաճանության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մահմուդ Համզան նշել է, որ իսլամիստները զինել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման անդամներին ու նպաստել վերջիններիս` Եգիպտոսի քաղաքացիություն ստանալու գործին: Բացի այդ, ըստ քաղաքական գործչի` Մուրսին և նրա կողմնակիցները սադրանք են նախապատրաստել Եգիպտոսի քաղաքացիների դեմ:

Համզան Մուրսիին նաև մեղադրում է լրագրողներին ու հասարակ քաղաքացիներին վախեցնելու միջոցներ և օրենքների փաթեթ նախապատրաստելու մեջ:

Զինվորականները Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալեցին հուլիսի 3-ին: Այժմ Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» կուսակցության ղեկավարները ձերբակալված են: Մուհամեդ Մուրսիին պահում են Ազգային գվարդիայի շտաբում: 

Մուրսիին ու «Մուսուլման եղբայրներին» մեղադրում են պետական դավաճանության մեջ