.jpg)
«Արաբական գարնան» նոր շրջափուլը Եգիպտոսում
Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման, դրա պատճառների և դրանից բխող հետագա զարգացումների վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Ըստ արաբագետի` Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները կարելի է բնորոշել որպես նոր շրջափուլ մոլեգնող «Արաբական գարնան» համատեքստում, քանզի այդ դրա արդյունքում իշխանության եկած ուժերը զիջում են իրենց դիրքերը, ինչը հատկապես նկատվեց Եգիպտոսի պարագայում:
Անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման պատճառներին` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շուրջ մեկ տարի իշխանության եկած Մուհամմադ Մուրսիի վարչախումբը չկարողացավ կայուն տնտեսական զարգացում ապահովել. ՀՆԱ-ի աճի տեմպերը 2012 թ-ին կազմեց ընդհամենը 1.5 %, սղաճը 2012 թ-ի դրությամբ 9.5 %, իսկ գործազրկությունը, ըստ պաշտոնական տվյալների, կազմեց 11.5 %: Այս ամենը, ինչպես նաև մի շարք այլ տնտեսական հիմնախնդիրների առկայությունը ցույց տվեցին տնտեսական ոլորտում հաջողություններ արձանագրելու «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անկարողությունը: Քաղաքական ոլորտում նույնպես Մուհամմադ Մուրսին ձախողեց. «Մուսուլման եղբայրների» կողմից հասարակական լայն զանգվածների հետ երկխոսության և համագործակցության քայլեր չարվեցին, արդյունքում իշխանության և ընդդիմության միջև անջրպետն էլ ավելի խորացավ, այս ամենը զուգորդվեց 2012 թ-ի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին զանգվածային բողոքի ակցիաներով, որոնք էլ ավելի սուր բնույթ ստացան Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի հետ կապված քննարկումներից և նրա ընդունումից հետո, հատկապես 2012-ի վերջում, որը շատերը դիտարկեցին հիմնարար իրավունքների և ազատությունների խախտում իսլամականների կողմից` ավելացրեց արաբագետը` հավելելով, որ Մուրսիի վարչախմբի կողմից երկրի կառավարությունում և այլ պետական մարմիններում իսլամականներին մոտ կանգնած անձանց առանցքային պաշտոնների նշանակումը, ինչպես նաև եգիպտական հասարակական լայն շերտերում անվստահություն վայելող Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ հարաբերությունների ջերմացումն էլ ավելի նպաստեցին դժգոհությունների տարածմանը երկրում:
Ինչ վերաբերում է եգիպտական բանակի դերակատարմանը երկրում տեղի ունեցող զարգացումներին, ապա Սարգիս Գրիգորյանը նշեց, որ մեծ հաշվով եգիպտական բանակի հիմնական խնդիրն ու նպատակը պետական այլ մարմինների հանդեպ անկախ կարգավիճակի, Եգիպտոսի հասարակական-քաղաքական զարգացումներում բանակի դերակատարության պահպանումն ու երկրի կայունության ապահովումն է, պատահական չէր, որ այդ օրերին եգիպտական զինված ստորաբաժանումները ավելացրին իրենց ներկայությունը Սինայի թերակղզում, որտեղ տարածում են ստանում անջատողական տրամադրությունները: 2012 թ-ի ընթացքում եգիպտական բանակի վերափոխումներից և զինված ուժերի գերագույն հրամանատար Թանթաուիին հեռացնելուց հետո զինվորականները սպասում էին, որ Մուրսին կապացուցի երկիրը ղեկավարելու իր ունակությունները, և նրանք ստիպված չեն լինի միջամտելու երկրի ներքին խնդիրների լուծման գործընթացներին, սակայն զարգացումներն այլ հունով ընթացան, հավելեց արաբագետը:
Կապված Եգիպտոսի ներքաղաքական իրավիճակի հետագա զարգացումների հետ` Սարգիս Գրիգորյանը նշեց. «Միամտություն կլինի համարել 80 տարուց ավելի եգիպտական իրականության մեջ գործող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը երկրի քաղաքական կյանքից հեռացված և լուսանցքում հայտնված ուժ: Կազմակերպությունն ինչքան էլ, որ միասեռ և միատարր չէ, այն վայելում է եգիպտական հասարակական բավական զգալի շրջանակների վստահությունն ու համակրանքը, ուստի չի կարելի բացառել այդ կազմակերպության նկրտումներն իշխանությունն իր ձեռքը նորից վերցնելու ուղղությամբ: Եգիպտական զարգացումներում և Թահրիր հրապարակում ձևավորվող տրամադրությունների վրա զգալի ազդեցություն ունեն երիտասարդական հասարակական-քաղաքական շրջանակները, առավել աշխարհիկ ընդդիմադիր ուժերը, որոնք 2011 թ-ին պայքարում էին Մուբարաքի դեմ, 2012 թ-ին զինվորականների դեմ, իսկ 2013 թ-ին պայքարի դուրս եկան Մուրսիի դեմ: Ինչքան արագ ձևավորվող նոր իշխանությունները անցումային փուլում կկարողանան ապահովել հասարակական-քաղաքական երկխոսության առավել լայն շրջանակ, կձևավորեն առավել ընդգրկուն ու ներկայացված կառավարություն, այնքանով անցնցում և խաղաղ ճանապարհով կընթանա երկիրը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- հավելեց արաբագետը: