Լյուտի. «Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի»
08/07/2013 16:13

Լյուտի. «Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի»

Գերմանական «Շալկեում», «Դույսբուրգում» և «Բոխումում» հանդես եկած ուկրաինացի Վլադիմիր Լյուտին կարծում է, որ Մխիթարյանը կարող է լիարժեք փոխարինել «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխված Գետցեին: 

«Խաղով ու ստեղծագործ որակներով, մտածողության արագությամբ նրանք արժանի են միմյանց,- ասել է Վլադիմիր Իվանովիչը:-Բնականաբար, Հենրիխից մի քանի ամիս կպահանջվի` Գերմանիայում կյանքին ու մարզչական մոտեցումներին հարմարվելու համար: Բայց Հենրիխն այնպիսի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:

Հնարավոր է, որ նա նույնիսկ Գերազանցի Գետցեին, որովհետև Մարիոն այնքան էլ շատ գոլեր չի խփում, ինչպես Մխիթարյանը: Բացառված չէ, որ երկու տարի հետո հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կրկնակի բարձրանա: Ինչ վերաբերում է հոռետեսների դիտարկմանը, որ նա գոլեր խփում էր Ուկրաինայի առաջնությունում, իսկ Բունդեսլիգան շատ ավելի ուժեղ է… Կարծում եմ` ընդհակառակը, Բունդեսլիգայում նրա համար ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ ավելի բաց ֆուտբոլ են խաղում: Հենրիխի համար գլխավորը մարզչական առաջադրանքների կատարումն է:

Գուցե «Բորուսիայում» Մխիթարյանն ավելի բարդ խնդիրներ ստանա, քան «Շախտյորում», որտեղ ազատ ստեղծագործողի պարտականություններ էր կատարում, չնայած աշխատում էր նաև պաշտպանությունում: Սակայն վստահ եմ, որ նա կմերվի «Բորուսիայի» սխեմային: Այդ թիմն ակտիվ ֆուտբոլ է ցուցադրում` իննովացիոն գաղափարներով` կարճ և արագ փոխանցումների միջոցով: Երկար փոխանցումները հազվադեպ են օգտագործվում: Այդ տարբերակը Մխիթարյանին ավելի հարմար է, քան «Լիվերպուլն» ու Անգլիան` իրենց կոշտ ֆուտբոլով և երկար ու բարձրից կատարվող փոխանցումներով:

Ելնելով իմ փորձից` խորհուրդ կտայի Մխիթարյանին առաջին հերթին լուծել լեզվական խնդիրը, որպեսզի տեղեկատվությունը մարզիչներից ու ֆուտբոլիստներից արագ հասանելի լինի նրան, և նա իրեն օտար չզգա: Պետք է սովորի հեռուստատեսության, բառարանների օգնությամբ: Մնացած ամեն ինչ նա ունի: Առաջին արտահայտությունը նրա համար` ինձանից. "Wie geht es dir?" (Ինչպե՞ս են գործերդ) կամ պարզապես "Hallo!": Գերմանացիները բարեկիրթ մարդիկ են: Ի դեպ, գոլը գերմաներեն կլինի "Tor": Հույս ունեմ, որ այդ բառը կասոցացվի նաև Հենրիխի հետ:

Կարևոր է, որ մենեջերն օգնի նրան. շատ նրբություններ կան, որոնց մասին ֆուտբոլիստը կարող է չիմանալ, բայց դրանք նրան պետք են: Օրինակ` ապահովագրումները: Մարդիկ ապահովագրում են իրենց կարիերան վնասվածքներից, ունեն դատական ապահովագրություն, որպեսզի եթե սկանդալներ ծագեն թիմում, միլիոններ չվճարեն փաստաբաններին:

Իսկ ի՞նչ է սպասվում «Շախտյորին» առանց Ֆեռնանդինյոյի և Մխիթարյանի: Իհարկե, կորուստները լուրջ են: Բայց կարող եմ օրինակ նշել. Լիտովչենկոյի ու Պրոտասովի հեռանալուց հետո «Դնեպրին» «թաղեցին», բայց մենք հաղթեցինք ԽՍՀՄ առաջնությունում: Ընդհակառակը` գուցե թիմը համախմբվի, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ ավելացնի: Առավել ևս, որ «Շախտյորը» հրաշալի մարզիչ ունի»:

Լյուտի. «Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի»