Փոխադրող կազմակերպությունները պատրաստվում են գործադուլի
08/07/2013 12:46

Փոխադրող կազմակերպությունները պատրաստվում են գործադուլի

Հասարակական տրանսպորտի սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ, երկու ամիսներին չլուծվեն գազի և դիզվառելիքի թանկացման հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Հասարակությունն առաջին հերթին պետք է տեղեկանա, որ մենք չենք ուզում տրանսպորտի գինը բարձրացնել: Մենք ուղղակի եկել ենք ասելու, որ գնում ենք լուծարման, եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկեն: Քննարկումներից հետո մենք, ամենայն հավանականությամբ, նաև գործադուլի մասին որոշում կկայացնենք»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` ընդգծելով, որ իրենց գլխավոր պահանջը հարկերի նվազեցումն է:

«Մեր վարորդներն օրական աշխատում են 14-15 ժամ ու անգամ այս պարագայում չեն կարողանում սոցիալական խնդիրները լուծել: Միևնույն ժամանակ, ամեն բան մնում է այսօր վարորդի վրա: Էլի եմ ասում` վարորդն այսօր չի պահանջում, որ տրանսպորտը թանկանա, առաջին հերթին պահանջում է վերանայել գործող հարկային քաղաքականությունը»,- ավելացրեց ասուլիսի մյուս բանախոս Վարդան Փանոսյանն ու նշեց` փոխադրողների մեծ մասն այսօր վնասով է աշխատում ու իրավիճակը վաղ թե ուշ ստիպելու է, որ դրանք լուծարվեն: