.jpg)
Արաբագետ. Եգիպտոսի հայ համայնքը մեծ հույս է կապում նոր իշխանությունների հետ
Եգիպտական բանակը նախագահի պաշտոնից հեռացրեց Մուհամմադ Մուրսիին: Երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնեց Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, ով փորձում է ձևավորել անցումային կառավարություն: Եգիպտոսի տարբեր շրջաններում շարունակվում են բախումները նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև: Եգիպտոսում ստեղծված իրավիճակի և հնարավոր զարգացումներին շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
- Ինչպե՞ս կբնութագրեք Եգիպտոսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
- Մեկ նախադասությամբ՝ Եգիպտոսում երիտասարդական շարժումների, հասարակական տարաբնույթ կազմակերպությունների, քաղաքական ընդդիմության կողմից նախաձեռնվեց հեղափոխական գործընթաց, որն ավարտվեց ռազմական հեղաշրջմամբ:
- Արդյո՞ք արդարացված էր բանակի միջամտությունը և օրինական ճանապարհով ընտրված նախագահին պաշտոնից հեռացնելու հանգամանքը:
- Կարծում եմ՝ որևէ երկրում բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին, մեղմ ասած, ողջունելի չէ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ զինվորականությունը Եգիպտոսում նաև սեփական շահերն է հետապնդում. տվյալ դեպքում, նրանց համար առաջնահերթություն էր երկրում քաղաքական և տնտեսական կայունության վերականգնումը: Մյուս կողմից, դժվար է պայմանական եղանակով խոսելը, դժվար է ասել՝ ինչ ուղղությամբ դեպքերը կզարգանային, եթե Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը որոշում չկայացներ՝ միջամտելու գործընթացներին. գուցե սա հնարավոր տարբերակներից ամենաիրատեսականն էր: Համենայն դեպս, պետք է նշել, որ ամեն ինչ շատ արագ և կազմակերպված ստացվեց, նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ զինվորականության գործողություններն, ի սկզբանե, ծրագրված են եղել: Ամեն դեպքում, հնարավոր է՝ իրադարձությունների նման ընթացքը կանխեց երկրում առավել լուրջ և ավելի կազմակերպված բախումներից, անգամ քաղաքացիական պատերազմից, թեպետ նման սցենարի հնարավորությունն էլ դեռ վաղ է բացառել: Միաժամանակ, նաև պետք է արձանագրել, որ բանակի նման կտրուկ գործելաոճը կարող է հանգեցնել եգիպտական հասարակության՝ նախկին իշխանոււթյուններին հարող հատվածի դիրքորոշումների, նաև գործողությունների արմատականացման. չեն բացառվում նույնիսկ ահաբեկչական գործողությունները պետական կառույցների, հատկապես դատական և ուժային մարմինների, անգամ զբոսաշրջային գոտների դեմ: Եվ այս հանգամանքը ևս օրնաչափ է. եգիպտական հասարակության այդ հատվածն էլ փորձում է տեր կանգնել սեփական իրավունքներին:
- Եգիպտոսից անընդհատ տեղեկատվություն է ստացվում նոր բախումների մասին, ի՞նչ եք կարծում,դեռ որքա՞ն կշարունակվի այս իրավիճակը:
-Դժվար է կոնկրետ ժամկետներ նշելը, բայց դեռ որոշ ժամանակ, անշուշտ, դրանք կշարունակվեն, ինչ խոսք, դրանց ծավալները աստիճանաբար գուցե նվազեն, սակայն դժգոհության մթնոլորտը երկրում դեռ տևական ժամանակ կշարունակվի. պաշտոնանկ արված նախագահի թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն իր համակիրների ու ընտրողների կայուն զանգվածն ունի: Եվ թեպետ այսօր կազմակերպության ղեկավար շրջանակների, նրանց պատկանող ԶԼՄ-ների գործունեությունը հիմնականում արգելափակված է, և կազմակերպության հետևորդների գործողություններն առավելապես հախուռն, ոչ կազմակերպված բնույթ են կրում, այնուամենայնիվ, առանձին վայրերում, հատկապես ուրբաթօրյա աղոթքից հետո կրկին հնարավոր է իրավիճակի թեժացում, և սա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ, ըստ էության, Եգիպտոսի արդեն նախկին իշխանությունները զրկվել են իրենց ձայնը շարքային քաղաքացուն հասցնելու հնարավորությունից. մնում են համացանցը և մզկիթները:
- Նշեցիք «Մուսուլման եղբայրների» առաջնորդների ձերբակալությունների մասին, որքանո՞վ են դրանք արդարացված, ո՞րն է դրանց իրական նպատակը:
- Իհարկե, կազմակերպության ղեկավար կազմի ձերբակալությունները տվյալ պահին առավելապես նրանց չեզոքացնելու նպատակ էին հետապնդում՝ բացառելու համար նրանց կողմից գործողությունների համակարգումը, ղեկավարումը: Կարծում եմ՝ Եգիպտոսի նոր իշխանությունները չպետք է գնան այն սխալ ուղիով, որով տասնամյակներ շարունակ շարժվել է Հոսնի Մուբարաքն, իսկ իր իշխանավարման մեկ տարվա ընթացքում հասցրել է կրկնել նաև Մուհամմադ Մուրսին, այն է՝ հնարավորինս մեկուսացնել քաղաքական հակառակորդներին, պետական կառավարման համակարգը կառուցել բացառապես լոյալ ուժերի մասնակցությամբ:
Երևի թե, որոշ ժամանակ անց, եթե կրքերը հանդարտվեն, «Մուսուլման եղբայրների» ղեկավարներից ոմանք ազատ կարձակվեն: Իհարկե, կարծում եմ՝ Եգիպտոսում չկա այն մտավախությունը, որ նույն Մուրսին հնարավորություն կունենա, ասենք, Նապոլեոնի օրինակով, թեկուզ ժամանակավորապես վերադարձնել իշխանությունը: Անցյալ մեկ տարվա ընթացքում տարբեր բնագավառներում Մուրսիի թույլ տված սխալների պատճառով նույնիսկ եգիպտական հասարակության պահպանողական հատվածը մեծապես հիասթափվել էր նրանից, դրան գումարած` հրապարակ էին վերադարձել նաև այն ուժերը, որոնք Մուբարաքի տապալումից հետո պասիվ դիրքորոշում որդեգրեցին: Այստեղ պետք է հիշեցնեմ, որ չնայած մեկ տարի առաջ կայացած նախագահական ընտրություններում Մուրսին նվազագույն առավելությամբ հաղթեց երկրորդ փուլի արդյունքներով, այնուամենայնիվ, դա հնարավոր դարձավ նաև եգիպտական հասարակության` լիբերալ տրամադրություններ ուեցող հատվածի անտարբերության արդյունքում, որը բոյկոտեց ընտրությունները՝ հավակնորդների շարքում չտեսնելով իր նախընտրած թեկնածուին. նրանցից մեկն իսլամական էր, մյուսը` գեներալ Ահմեդ Շաֆիկը, Մուբարաքի վարչակարգի ներկայացուցիչը:
- Նշեցիք Մուրսիի և եգիպտական իշխանությունների թույլ տված սխալների մասին, այս համատեքստում հատկապես ընդգծվում է Եգիպտոսի նախագահի՝ երկիրն իսլամականացման ճանապարհով տանելու և դրա կողքին տնտեսական հիմնախնդիրներն աչքաթող անելու հանգամանքը: Կիսու՞մ եք այդ տեսակետերը:
- Իմ կարծիքով՝ Մուրսիի հիմնական սխալը նրա ոչ ճիշտ մոտեցումն էր երկրի առջև ծառացած խնդիրների հանդեպ, կասեի անհամաչափ մոտեցումը: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ 2011թ. հեղափոխությունը, դրան հետևած անցումային շրջանը և ապա՝ նոր իշխանությունների ձևավորումն ընդամենն իշխանափոխություն չէր. դա ավելի խորքային գործընթաց էր: Չպետք է մոռանալ, որ Մուրսին ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին քաղաքացիական նախագահն էր. սկսած անցյալ դարի 50-ական թվականներից Եգիպտոսում ներքաղաքական կյանքում կարևոր դերակատարություն է ունեցել բանակը. որոշ իմաստով, զինված ուժերը նաև որպես հենարան են հանդիսացել Եգիպտոսի նախորդ նախագահների համար: Այս համատեքստում, բնական է, որ նոր նախագահը, բավական դժվարությամբ հաղթելով ընտրություններում և ստանձնելով իշխանության ղեկը, պետք է ձգտեր սեփական դիրքերի ամրապնդմանը, ինչու ոչ, սեփական հենարանի ստեղծմանը: Դրա համար նա ընտրեց երկրի օրենսդրական դաշտը փոխելու, իշխանության բոլոր թևերում և պետական կառավարման համակարգում իրեն լոյալ անձանց նշանակելու ճանապարհն, ինչը, բնականաբար, բողոքի զգալի ալիք բարձրացրեց ամբողջ երկրում: Դրան գումարվեցին, իհարկե, սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրները, որոնք կարծես անտեսվել էին եգիպտական իշխանությունների կողմից: Դրանց լուծման համար Եգիպտոսի իշխանություններին լուրջ ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ. ֆինանսական որոշակի աջակցություն ցուցաբերեց Քաթարը, Սաուդյան Արաբիան, Լիբիան և Թուրքիան, ինչն էլ, ինչպես տեսնում ենք, բավարար չեղավ, իսկ մի շարք երկրներ և կառույցներ, չնայած նախապես տրված խոստումներին, այնուամենայնիվ, զգուշավորություն ցուցաբերեցին՝պայմանավորված երկրում շարունակվող անկայուն քաղաքական իրավիճակով:
- Իսկ ինչպիսի՞ խնդիրներ են կանգնած նոր իշխանությունների առջև, և ի՞նչ ճանապարհով պետք է լուծվեն դրանք:
- Նախ և առաջ երկրում կայունության հաստատումը. այս պարագայում բնականաբար հիմնական անելիքն ուժային կառույցների գործառույթների շրանակներում է: Չափազանց էական պայման է երկրում քաղաքական երկխոսության մթնոլորտի ձևավորումը, որևէ քաղաքական կազմակերպությանը չմեկուսացնելու ու քաղաքական գործընթացների լուսանցքում չթողնելու կարևորությունը:
Այլապես, ինչպես ասում են, հեղափոխությունը շարունակական գործընթաց է, և երբ որոշ ժամանակ անց կանցնի հասարակության ոգևորությունը, և եգիպտացիները կրկին կբախվեն միևնույն խնդիրներին, նույն Թահրիրը և եգիպտական մյուս հրապարակաները կրկին մարդաշատ կդառնան, և այս անգամ արդեն իրադարձությունները կարող են անկանխատեսելի և նույնիսկ ճակատագրական լինել այդ պետության համար: Այդ իսկ պատճառով, Եգիպտոսի արդեն նոր իշխանություններն օր առաջ պետք է ձեռնամուխ լինեն բարեփոխումների, արմատական բարեփոխումների: Այս համատեքստում, պետք է նշեմ, որ վերջին տարիներին արաբական տարբեր երկրներում տեղի ունեցող ցույցերի, հակակառավարական ելույթների հիմնական կարգախոսներից է պետական իշխանության կառուցվածքային բարեփոխումների հրամայականը, այստեղից էլ՝ սահմանադրությունը փոխելու և խորհրդարանական կառավարման անցնելու պահանջները: Միայն այս պարագայում հնարավոր կլինի երկրում կայունություն ապահովել, զարգացնել տնտեսությունը, ներգրավել նոր ֆինանասական ներդրումներ և ստանալ միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը:
- Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Եգիպտոսում ընթացող գործընթացները երկրից դուրս:
- Եգիպտական զարգացումների արտաքին ազդեցության մասին խոսելիս պետք է հաշվի առնել երկու հանգամանք. նախ, ինչպես բնորոշ է «արաբական գարնան» տրամաբանությանը, դրանք շղթայալան ռեակցիայի միջոցով կարող են տարածվել Հյուսիասային Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի այլ երկրներում՝ թուլացնելով պետության կառավարման ձգտող իսլամական կազմակերպությունների, հատկապես «Մուսուլման եղբայրների» և նրանց հովանավորող ուժերի, մասնավորապես Թուրքիայի և Քաթարի դիրքերը: Երկրորդ մոտեցումը պայմանվորված է տարածաշրջանում Եգիպտոսի ունեցած տեղով ու դերով, նաև արաբական աշխարհում և աֆրիկյան աշխարհամասում տեղի ունեցող գործընթացներում նրա ազդեցության էականորեն նվազման հետ՝ ներկայում հատկապես մերձավորարևելյան հակամարտության կարգավորման և սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցերում:
- Եգիպտոսում բնակվում է ոչ մեծ թվով հայկական համայնք: Կա՞ն տեղեկություններ՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին եգիպտահայերի դիրքորոշման մասին:
- Պաշտոնական տվյալներով՝ Եգիպտոսում կա մոտ վեց հազարանոց հայ համայնք, որն ունի կրոնական համայնքի կարգավիճակ: Հայերը բնակվում են հիմնականում Կահիրեում, նաև Ալեքսանդրիայում, մասամբ նաև Եգիպտոսի զբոսաշրջային գոտիներում: Որպես կրոնական փոքրամասնություն, բնականաբար անցյալ տարվա ընթացքում իսլամական արժեքների և իրավական նորմերի գերակայությանն ուղղված արդեն նախկին իշխանությունների գործողություններից, տնտեսության անկումից էականորեն տուժել էր նաև եգիպտահայ համայնքը: Համայնքից ստացված արձագանքներից կարելի է դատել, որ եգիպտահայերն, ի դեպ, ինչպես Եգիպտոսի բնակչության մոտ 10 %-ը կազմող մյուս քրիստոնեական համայնքները, դրական են տրամադրված և մեծ հույսեր են կապում երկրում տեղի ունեցող գործընթացների հետ` միաժամանակ խուսափելով ուղղակի մասնակցությունից: