Եվրոպայի ամառային օլիմպիական փառատոնին ընդառաջ
09/07/2013 19:21

Եվրոպայի ամառային օլիմպիական փառատոնին ընդառաջ

Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի «Հալդենվարդ» մարզադաշտում հուլիսի 14-ին տեղի կունենա Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկ-մարզուհիների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները` թենիսիստներ Միլենա Ավետիսյանը, Լինդա Օհանյանը, Դավիթ Մուրադյանը, Հրաչ Խաչատրյանը, խճուղային հեծանվորդներ Աբել Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը, ատլետներ Ռաֆայել Պետրոսյանը, Վարդան Նիկոլայանը, Մարիաննա Բաղյանը, Իրինա Պողոսյանը, լողորդներ Անի Պողոսյանը, Վանիկ Բարսեղյանը, սպորտային մարմնամարզիկներ Արսեն Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը և ձյուդոյիստներ Ալբերտ Մկրտչյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Գրիգոր Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Շահեն Աբաղյանը, Էդվարդ Գրիգորյանը: Նրանց մրցասպարեզ կուղեկցեն համապատասխան մարզաձևերի վեց մարզիչներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է , որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների ութական թիմերի: 

Մրցավարական հանձնախմբերում ընդգրկված են երկու հայաստանցիներ:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոները (ամառային և ձմեռային) տեղի են ունենում երկամյա ընդմիջումով:
Ավելացնենք, որ ուտրեխտյան փառատոնը կավարտվի հուլիսի 20-ին:

Եվրոպայի ամառային օլիմպիական փառատոնին ընդառաջ