.jpg)
Գնումների հայտարարությունները ենթարկվել են փորձաքննության
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիս ամսվա ընթացքում ընտրանքային կարգով ուսումնասիրել է հրապարակված գնումների 226 հայտարարությունից 33-ը կամ ավելի քան 14 տոկոսը: Կատարված ուսումնասիրությունների ընթացքում 33 հայտարարություններից 12-ում հայտնաբերվել են գնումների օրենսդրության հետ անհամապատասխանություններ: Այդ մասին Կենտրոնը տեղեկացրել է պատվիրատուներին և առաջարկել միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:
Արդյունքում արձանագրված բոլոր թերությունները վերացվել են։
«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ գնումների հրավեր-հայտարարությունների փորձաքննության ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները հիմնականում վերաբերել են մասնակիցներին առաջարկվող պահանջներին, որակավորմանն առնչվող թերությունների շտկման հնարավորություններին, գնման առարկայի տեխնիկական բնութագրերին, հաղթող մասնակցի ընտրության կարգին և այլ խնդիրների:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գնումների ընթացքում մրցակցության ապահովման և մասնակիցների նկատմամբ խտրականության բացառման նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամեն ամիս ընտրանքային կարգով իրականացնում է գնումների հայտարարությունների փորձաքննություն։ Սա հնարավորություն է տալիս ի սկզբանե կանխարգելել հավանական չարաշահումներն ու թերությունները և պայմաններ ստեղծել դրանց վերացման համար։