.jpg)
«Ադրբեջանին զենք վաճառելը ռազմավարական գործընկերոջը հարիր պահվածք չէր»
Ադրբեջանին զենք վաճառելու` Ռուաստանի քայլը, ռազմավարական գործընկերոջը հարիր պահվածք չէր: Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի թեմային` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այս գործարքը Հայաստան-Ռուսատան պայմանագրային պարտավորությունների խախտում չէր: Սակայն այստեղ կա շատ մեծ բայց, առ այն, որ սա ռազմավարական դաշնակցի ակնկալված պահվածք էլ չէր:Եթե հավատանք մեկնաբանություններին, թե այդ զենքը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը չի խախտում, ապա, այդուհանդերձ, պատերազմի հավանականությունը մեծանում է, երբ նման պետության ձեռքին զենք է հայտնվում: Բնականաբար, պատերազմ սկսելու գայթակղությունն Ադրբեջանի մոտ մեծանում է: Ուստի մտահոգիչ է ՌԴ-ի պահվածքը, որքան էլ որ փորձեն ներկայացնել, թե ռազմական հավասարակշռությունը երկրների միրջև չի խախտվում: Կան նաև այնպիսիք, որոնք ասում են, թե ոչ միայն խախտվում է հավասարակշռությունը, այլև վտանգվում է տարածաշրջանը: Դա առավել ևս մտահոգիչ է: Իրավական իմաստով խախտում չկա, բայց ռազմավարական դաշնակցից ակնկալվող կեցվածք չէ»,- նշեց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ ներկայացուցիչի համոզմամբ` ՌԴ-ն պետք է զգար, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները, քաղաքական ուժերը դժգոհ են այս պահվածքից:
«Ռուսաստանը գնաց տնտեսական գործարքի՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահելու համար»,- հավելեց Կ. Մանոյանը:
Նշենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի համաձայն` ՌԴ-ն Ադրբեջանին վաճառեց մեկ միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն:
Ռուսական մամուլի տեղեկություններով ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 100 միավոր БМП-3 հետևակի մարտական մեքենա, 18 միավոր «Սմերչ»՝ համազարակային կրակի ռեակտիվ համակարգ, 94 միավոր Т-90С տանկ, 6 միավոր «Բուրատինոյի» նոր մոդեռնիզացված տարբերակի ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրետանի, 18 միավոր «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ, 18 Мста-С ինքնագնաց հրետանային համակարգ: Ըստ ռուսական կայքերի` Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գործող պայմանգրի համաձայն, ադրբեջանական կողմը կարող է ձեռք բերել Т-90С -ի նոր քանակություն: