Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը
09/07/2013 14:16

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: 

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների և նաև Բրազիլիայի նախագահի վստահությունը՝ ևս մեկ աստիճանով բարձրացնելով երկկողմ հարաբերությունների մակարդակն ու ամրապնդելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերը:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը և ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:


 

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը