.jpg)
Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տան աշխատող. Ես միայն մարզպետի զենքն եմ տեսել
Aysor.am-ի թղթակիցը զանգահարել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի տուն: Հեռախոսազանգին պատասխանեց մի կին, ով ներկայացավ որպես Ս. Խաչատրյանի տանը 8 տարի աշխատող և Բուդաղյանների հետ կապված դեպքի անմիջական ականատես:
Նա չցանկացավ հրապարակել իր անունը, սակայն ասաց, որ հենց ինքն է այն կինը, ով երևում է տեսագրությունում:
Aysor.am-ի հարցին` ճի՞շտ է, որ Ս. Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը այդ օրը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, նա ասաց.
«Չմտածեք, որ ես աշխատող եմ, դրա համար էլ պաշտպանում եմ, մարդ կյանքում պետք է ազնվություն ունենա և ճիշտը ասի: Ոչ մի անգամ նրանցից որևէ մեկին թմրանյութ օգտագործած կամ իրենց կողքը եղած չեմ տեսել: Հերիք է, ինչքան վարկաբեկում եք մարդկանց, չէ՞ որ նա (հեղ.-Սուրիկ Խաչատրյանը) հզոր, հպարտ արծիվ է եղել»:
Aysor.am-ի հարցին` շտապօգնություն կանչե՞լ են Ավետիք Բուդաղյանի համար, կինը պատասխանեց. «Ավետիք Բուդաղյանը ընկած էր, տեսագրությունը կա, ես էնքան եմ իրենց զանգել, որ ընկել եմ Երևան, կարող եք Շտապօգնությունում հարցում անել, իմ հեռախոսահամարով զանգ եկել է իրենց, թե ոչ: Այս հեռախոսը մենք նոր ենք դրել, առաջ միայն մեր բջջայինն էր: Ես ինքս մի հարյուր անգամ զանգ եմ տևել, ասում եմ` խնդրում եմ, աղաչում եմ, վիրավոր կա, եկեք: Ի՞նչ սիրտ կունենա հայ կինը, հայ մարդը, որ վիրավոր կլինի, չկարողանա փրկել»,- ասաց նա:
Կնոջ խոսքով` ինքը 25 տարի ապրում է Գորիոսում, 25 ժամ Գորիսից չի բացակայել: Չնայած դրան` նա նշեց, որ Բուդաղյաներին չի ճանաչում: «Ես Բուդաղյաններին չեմ տեսել, չեմ էլ ճանաչել, որ տենց մարդ կա Գորիսում, ես Ս. Խաչատրյանի` բացի մարդկանց օգնություն հասցնելուց, ուրիշ բան չեմ տեսել: Բայց գրել են, իբր օգնություն է խնդրել, չեն օգնել»,- ասաց նա:
Հարցին` իսկ համացանցում առկա տեսագրությունը տեսե՞լ է և այն արդյոք մոնտաժվա՞ծ է, նա ասաց. «Տեսագրությունը այնպես է, ինչպես եղել է, այն մոնտաժված չէ»: Հարցին` իսկ ու՞ր էր այդ պահին Ս. Խաչատրյանը, կինը պատասխանեց. «Հարյուր տոկոսով կարող եմ ասել՝ նա տանը քնած է եղել: Այդ ո՞նց եղավ, որ КГБ-ն կողքը չլսեց, Ս. Խաչատրյանը լսեց ու դուրս չեկավ: Նա ընդհանրապես տեղյակ չի եղել, նա այդ տեսագրությունում չի երևում, ես մայր եմ ու կարող եմ երդում ուտել, որ այդպես է եղել»,- ասաց նա:
Հարցին` իսկ գիտեր, որ Ս. Խաչատրյանի տանը այդքան զենք կար, նա ասաց. «Ես միայն մարզպետի զենքն եմ տեսել տանը, չեմ իմացել, որ այդքան զենք կա տանը»,- ասաց նա:
Նշենք, որ Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` Ս. Խաչատրյանի առանձնատունը դրվել էր վաճառքի: Մեր թղթակցի հետ զրույցում կինը հերքեց այդ լուրերը:
«Նման բան չկա, բոլորը գիտեն, որ այժմ այստեղ վերանորոգում է, որից հետո իրենք վերադառնալու և ապրելու են Գորիսում»,- ասաց նա: