.jpg)
Զոհրաբ Մնացականյան. «Մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար»
«Առավոտի» զրուցակիցն է Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
- Պարոն Մնացականյան, Հայաստանի և իր գործընկերների հարաբերությունները բնութագրելու համար վերջին շրջանում հաճախ օգտագործում են «և-և», «կամ-կամ» շաղկապները: Որքանո՞վ է դա տեղին, վերջապես ո՞ւր է գնում Հայաստանը, և արդյոք այդ ճանապարհին անկե՞ղծ է իր գործընկերների հետ:
- Այս ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի քաղաքականությունը եղել է ամբողջովին հայաստանամետ: Հայաստանը որևէ տեղ չի գնում` ոչ աջ, ոչ ձախ: Հայաստանը կառուցել է իր անվտանգության ու զարգացման համապարփակությունը` համագործակցելով իր գործընկերների հետ: Եվ մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր գործոնը եղել և մնում է նույնը` կանխատեսելիություն և քաղաքականության վարման հստակ տրամաբանություն, որը հասանելի և հասկանալի է մեր գործընկերներին:
Այդ քաղաքականության իրականցման ճանապարհին մենք չենք կարող անկեղծ չլինել: Ոչ մենք ենք միամիտ, որ մի ուղղությամբ մի բան խոսենք, մյուս ուղղությամբ` մեկ այլ բան, ու ենթադրենք, որ մեր գործընկերների համար կարող է նման քայլն ընդունելի լինել, ոչ էլ մեր գործընկերներն են այդքան միամիտ, որ նման ձևով երկխոսություն վարեն: Իրական կյանքում այդպիսի բան գոյություն ունենալ չի կարող: Իրական կյանքում որևէ երկիր, որևէ արտաքին քաղաքականություն, որը ենթադրում է նման քաղաքականություն վարել, լավ բանի չի հասնում: Դա անհնար է: Գործընկերները բոլորն էլ միասին աշխատում են և շատ լավ հասկանում են միմյանց: Մեր հիմնական նպատակներից մեկն է` հասանելի դարձնել մեր քաղաքկանության տրամաբանությունը և ընդունելի դարձնել այն, որովհետև մեր տրամաբանության մեջ քաղաքականության ձևավորման և իրականացման մեջ ամբողջովին բացառված է հակասությունների խրախուսումը, հակասությունների թույլ տալը մեր տարածաշրջանում վարվող քաղաքականության մեջ:
- Նույնը վերաբերում է նաև Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականությա՞նը:
- Իհրակե: Մենք այսօր ունենք շատ էական, կարևոր գործընթաց, որը կոչվում է Ասոցացման պայմանագրի բանակցություններ ԵՄ-ի հետ: Այդ պայմանագիրը բանակցվել է բավական երկար ժամանակ և մանրակրկիտ է բանակցվել: Եվ բանակցման որևէ կետի, տարրի շուրջ չի եղել իրավիճակ, որ այն տարանջատված լինի մեր ընդհանուր քաղաքականությունից:
Մենք ունենք պայմանագրային քաղաքական հարաբերություններ տարբեր շրջանակներում և իրատեսական չէ` մի ուղղությամբ մեկ, մյուս ուղղությամբ` մեկ այլ քաղաքականություն վարել: Մեր հիմնական նպատակը համապարփակեցնելն է` այն ուղղությունները, որոնք համապարփակություն են բերում մեր երկրի անվտանգության ու զարգացման գերակայություններին: Ասոցացման պայմանագրի մեջ չկա որևէ տարր, և մենք չէինք կարող դա թույլ տալ և մինչև վերջին պահը բանակցելու էինք ամենասուր ձևով, որը կարող է հակասություն ստեղծել մեր գործընկերության այլ ուղղություններով: Մենք աշխատել ենք գործընկերների հետ, որոնց համար հասկանալի է եղել այդ տրամաբանությունը: Մենք պնդել ենք, բացատրել ենք և գտել ենք ձևակերպումներ, որոնք ներդաշնակեցնում են մեր գործընկերների հետ աշխատանքները` համապարփակ պահելու մեր ընդհանուր արտաքին քաղաքականությունը, իսկ դա ուղղված է առաջին հերթին Հայաստանի համապարփակ անվտանգության ու զարգացման նպատակներին:
- Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստում Հայաստանի պարագայում առկա են այլ` այլ երկրների դեպքում չհամնկնող դրույթներ կամ կետեր:
- Կան չորս երկրներ, որոնք այսօր ասոցացման պայմանագրի շուրջ բանակցում են: Բոլորի տեքստերը տարբեր են: Մերը, համենայնդեպս, հստակորեն տարբերվում է: Օրինակ` Հայաստանի տեքստում չկա որևէ դրույթ, որը ենթադրում է եվրոպական հեռանկար, այսինքն` ԵՄ-ին անդամակցության հեռանկար: Կան այլ դրույթներ ևս` անվտանգության, տնտեսական և այլ ոլորտներում, որոնք միտված են այլ ուղղություններով մեր գործընկերության խափանումները բացառելուն: Սա հստակ տրամաբանություն է:
- Երբ խոսվում է հնարավոր հակասությունների մասին, առաջին հերթին հիշվում է Ռուսաստանի գործոնը:
- Մեր քաղաքական, տնտեսական, պատմամշակութային և բազմաթիվ այլ կապերը Ռուսաստանի հետ ստեղծվել են տասնյակ տարիների, դարերի ընթացքում: Ռուսաստանն այս տարածաշրջանի անդամ է: Այն երկրները, որոնք փորձել են խրախուսել այդ հակասությունը, չճանաչելով Ռուսաստանի դերակատարությունը, իրենց անվտանգության համար մարտահրավերներ են ստեղծել: Մեզ համար սա անընդունելի քաղաքականություն է: Ռուսների հետ մենք ունենք պայմանագրերի հսկայական ծավալ` թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Մեր գործընկերները` ԵՄ-ի ուղղությամբ, չեն կարող չճանաչել, օրինակ, ՀԱՊԿ-ի դերակատարությունը մեր անվտանգության հարցում, և մենք չենք ունեցել իրավիճակ, որ հարցականի տակ դնենք կամ էլ ինչ-որ ձևով մարտահրավեր նետենք այս շրջանակներում մեր համագործակցությանը: Այսինքն` ռուսների մասով պետք է ավելի խորացնել: Նրանք այս տարածաշրջանի անդամ են և ունեն ներկայություն, դերակատարություն, որը ժխտելն ու չճանաչելը մեր անվտանգության համար մարտահրավեր է: Բայց մյուս կողմից, եթե վերադառնանք Ասոցացման համաձայնագրին, կրկին` այն չի ենթադրում որևէ այլ բան, այլ մեզ համար տալիս է հնարավորություն, գործիք` երկրի զարգացման ինստիտուցիոնալ հիմքերն ուժեղացնելու համար:
Ի վերջո սա մենք անում ենք մեր համար, ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՌԴ-ի համար: Ոչ ԵՄ ենք գնում, ոչ էլ մեկ այլ տեղ: Մենք մնում ենք մեր տեղում: Եվ մեր տեղում մնալով` մենք համագործակցում ենք այսօրվա գլոբալ աշխարհում, ու հաշվի առնելով մեր անվտանգության ամբողջական համակարգը, համագործակցում ենք մեր գործընկերների հետ` համադրելու, ոչ թե հակադրելու:
- Մեր գործընկերների համար ընկալելի՞ են, հասկանալի՞ են համագործակցության այն ծավալն ու չափը, որ մենք նախատեսում ենք իրականացնել մեր մյուս գործընկերների հետ:
- Սա մեր մշտական աշխատանքն է, հենց դա է մեր աշխատանքի իմաստը` մեր գործընկերների հետ ներգրավված լինել մշտական երկխոսության մեջ, որպեսզի, բացատրենք մեր քաղաքականության տրամաբանությունը, լսենք մեր գործընկերների մեկնաբանությունը, վստահ լինենք, որ նրանց մոտ թյուրըմբռնում չի ստեղծվում և եթե կա նման բան, ապա պետք է անդրադառնալ այդ խնդրին: Պետք է լուծել խնդիրը այնպես, որ մենք չունենանք նման իրավիճակ, սա արդեն կիրառական աշխատանք է:
Մենք ունենք բոլոր հնարավոր ֆորմատները դրա համար` ամենաբարձր մակարդակից մինչև էքսպերտային մակարդակ, որտեղ բոլորը իրենց գործի մասն են անում` համադրելու, խոսելու, բացատրելու և ցույց տալու, որ մեր մոտ որևէ գաղտնի բան չկա և մենք մեր վրա նման ռիսկեր չենք վերցնի:
- Դուք օգտագործեցիք գաղտնիք բառը: Հետաքրքրիր է` 21-րդ դարում հնարավո՞ր է գաղտնի քաղաքականություն վարել, կամ անկեղծ չլինե՞լ: Ի վերջո եթե անգամ բանակցությունները թափանցիկ էլ չլինեն, կգա մի օր երբ բանակցությունների արդյունքները կդառնան գործողությունը և կպարզվի` որքանով է այս կամ այն երկրիը վստահելի գործընկեր:
-Եթե կողմերն ընտրեն միմյանց հետ գաղտնի գործընթաց տանելու ճանապարհը, նրանք դա կանեն: Ցանկացած երկու կողմեր կարող են միմյանց հետ որոշել և գաղտնի ձևով իրականացնել որևէ քաղաքականություն, բայց նրանց առաջնային հաշվարկը պետք է լինի` արդյոք այդ գաղտնիության պայմաններում իրենք վնաս չե՞ն բերում իրենց անվտանգությանը:
Մեր դեպքում նման տրամաբանությունը աշխատող չի, որովհետև Ռուսաստանի հետ գործընկերության մակարդակը, ծավալը, չափն այնքան խորն է, նույնը եվրոպական գործընկերների մեր փոխվստահությունը հետ այնքան հաստատված է, որ մեր համար այսօր կարևորագույն խնդիրը ապահովելն է, որ մեզ ճիշտ են հասկանում և մեր տրամաբանությունը ճիշտ և ընկալելի է: Եթե որևէ կողմ մեզ ասի` դուք պետք է ընտրություն անենք կամ այս կողմ, կամ այն կողմ, դա լրջորեն կխարխլի մեր գործընկերության հիմքերը: Մեր առջև ուլտիմատումների ձևով հարցեր դնելը կխարխլի մեր գործընկերության հիմքերը:
Ցանկացած ուլտիմատիվ հարաբերություններ իրենց մեջ կորցնում են գործընկերության տարրը, և մենք չենք կարող որևէ գործընկերոջ հետ աշխատել նման հիմքերով: Օրինակ, երբ Թուրքիան ցանկանում է հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ և առաջ է քաշում նախապայմաններ, դա ընկալելի չէ, քանի որ նախապայմաններով հարաբերությունն արդեն գործընկերություն չի:
- Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ գործընկերների հետ անկեղծ երկխոսությունը Հայաստանի ունեցած սակավ ռեսուրսներից մեկն է:
- Սա իսկապես ռուսուրս է, սա մեր հարաբերությունների կառուցման կարևորագույն գործիքն: Մեր անվտանգությունը համապարփակ է իր էությամբ և այդ համապարփակությունն ապահովվում է նրանով, որ մենք ընկալելի ենք մեր գործընկերների համար:
- Պարոն Մնացականյան, տևական ժամանակ Հայաստանը հենց այդպես էլ վարվել է և դրանց արդյունքները մեզ համար տեսանելի են եղել: Օրինակ` Արևմուտք-Իրան սուր հակադրությունների պայմաններում, Ռուսաստան-Վրաստան բարդ հարաբերությունների պայմանններում մենք կարողացել ենք համագործակցել բոլոր կողմերի հետ և միաժամանակ ընկալելի լինել: Ինչո՞ւ է այսօր խոսվում «կամ-կամ»-ի մասին, երբ «և-և»-ի արդյունքները տեսանելի են:
- Ինձ թվում է, որ «կամ-կամ»-ի հարցում, եթե լինում են ընկալումների ինչ-որ խախտումներ, շտկելի են, իսկ երբ դա ներկայացվում է որպես այսօրվա հարաբերությունների հիմք, տեղին չէ, դրա հիմքերը գոյություն չունեն: Մեր համար անհնար է «կամ-կամ» հարաբերություններ կառուցելը:
Քանի որ խոսքը ԵՄ և Ռուսաստանի մասին է, նման հարցադրում իրականում չկա: Կամ ԵՄ, կամ Ռուսաստան հարցադրում չի եղել` եղել է տեխնիկական հարց, բանակցել առևտրային և տարիֆային քաղաքականության վերաբերյալ որպես առանձին երկիր կամ` բանակցել առևտրային և տարիֆային քաղաքականության վերաբերյալ որպես միության անդամ:
Օրինակ, այսօր ԵՄ անդամ որևէ երկիր չի կարող առանձին բանակցել տարիֆային և առևտրային քաղաքականության վերաբերյալ ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրի հետ: Մենք չենք կարող առանձին երկրի հետ բանակցել` իրենք չենք կարող բանակցել: Իրենց մոտ այդ հարցն այդպես է կարգավորվել : Մենք չենք ստեղծում որևէ ռեժիմ, որը խարխլում է մեր ներկայությունը: ԵՄ-ն այսօր մեր կարևորագույն առևտրային գործընկերն է, Ռուսաստանը որպես երկիր այսօր մեր առաջին առևտրային գործընկերն է: Մենք խորապես ներգրավված ենք Ռուսաստանի և ԱՊՀ-ի շուկաներում, դրանք մեզ համար ծանոթ շուկաներ են, մենք աշխատում ենք այդ շուկաներում և մենք մեր խելքը չենք թռցրել, որպեսզի ժխտենք մեր տնտեսական շահերը այդ շուկաներում, այդպիսի բան լինել չի կարող: Այն, ինչի շուրջ մենք բանակցում ենք, չի ստեղծելու ռեժիմ, որը խարխլի մեր աշխատանքը ուրիշ շուկաներում:
Այս ամբողջ ժամանակահատվածում ռազմական, քաղաքական ոլորտում մենք վարել ենք այդ ներդաշնակեցված քաղաքականությունը, և չենք ունեցել որևէ մի իրավիճակ, երբ մեր և եվրոպական արտաքին քաղաքականությունը իրար հետ լինեն բախման մեջ: Միևնույն ժամանակ սակայն, մենք ունեցել ենք մեր արտաքին քաղաքականությունը: Այս ինքնուրույն արտաքին քաղաքականությունը եղել և մնալու է մեր արտաքին քաղաքականության ձևավորման հիմքը: Դա նշանակում է, որ ոչ ռազմական, ոչ արտաքին հարցերում, մեր ռազմավարական հարաբերություններում մենք չենք հակասելու ինքներս մեզ: Մենք մտադրություն չունենք արձանագրել հարաբերությունների վատթարացում մեր գործընկերներից որևէ մեկի հետ:
- Ձեր դիտարկումներից կարելի է՞ ենթադրել, որ թեև Հայաստանը բանակցում է ԵՄ հետ, այնուամենայնիվ մյուս գործընկերները տեղյակ են գործընթացի ոչ միայն տրամաբանությունից, այլև բովանդակությունից: Եվ եթե այո, ապա մյուսների մոտ կա՞ համարժեք ընկալում:
- Այո իհարկե: Առաջինը` երբ մենք բանակցում ենք, այդ բանակցություններում մեր հաշվարկը հիմնված է հենց դրա վրա. նման ձևակերումը, ուղղությունը արդյո՞ք կրում է հակասության տարր, թե՞ ոչ: Մեր հիմնական նպատակը հակասության տարրերի բացառումն է:
Դա բացառվում ենք, որովհետև մենք կատակ չենք կարող անել մեր անվտանգության հետ, և առաջինն ինքներս ենք հաշվարկում:
Մյուս գործոնը դա բազմաթիվ պլատֆորմների, կոնսուլտացիների, երկխոսության միջոցով գործընկերների հետ վերաճշտումն է առ այն, որ մեր կողմից իրականացվող նպատակները համընկնում են մեր գծի հետ:
- Եթե ամփոփենք ու բանաձևենք, կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միանշանակ հայաստանակենտրոնն է, որն իրականացվում է բոլոր գործընկերների հետ անկեղծ երկխոսության միջոցով և ուղղված է առաջին հերթին հակասությունների բացառմանը:
- Հակասությունների բացառումը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Նրբազգացությունը մեզ համար նման հարցերում` պահպանելու համապարփակությունը, հաջողվել է մեզ: Որևէ բան չի փոխվել: Եթե մենք մեզ որևէ քաղաքականություն թույլ տայինք, որտեղ մի ուղղությամբ մի բան անեինք, իսկ մյուս ուղղությամբ` մեկ այլ բան, այս ամենը երբեք հնարավոր չէր լինի: