Ադրբեջանը խախտում է միջազգային օրենքները և մարդու հիմնարար իրավունքները
10/07/2013 17:06

Ադրբեջանը խախտում է միջազգային օրենքները և մարդու հիմնարար իրավունքները

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանություններն ավելի վճռական քայլեր են ձեռնարկում՝ ինֆորմացիայի հասանելիությունը հասարակության առաջ սահմանափակելու համար` վերահսկելով երկրի լրատվական դաշտն ու ազատությունը համացանցում, ինչպես նաև՝ խիստ վերաբերմունք դրսևորելով այն լրագրողների նկատմամբ, ովքեր քննադատական մոտեցում են ցուցաբերում իշխանության գործունեության հանդեպ: Այս մասին ասված է ALJazeera կայքում Ռեբեկա Վինսենթի հոդվածում:

«Ադրբեջանցիների համար, կարծես, սահմանափակվել է նաև ինֆորմացիայի հասանելիությունը այն լրատվամիջոցներից, որոնք երկրից դուրս են գործում: Մի շարք օտարերկրյա հեռարձակողներ կանխամտածված միջամտություններ են նկատել իրենց թողարկումներում, ինչը խախտում է ինչպես հեռահաղորդակցության միջազգային կանոնակարգերը, այնպես էլ մարդու իրավունքների մասին օրենքը»,- ասված է հոդվածում:

Ըստ հեղինակի` Ադրբեջանի իշխանությունը մեծ գերակայություն ունի երկրի լրատվական դաշտում: Գործող 9 հեռուստաալիքներից 3-ը պետական են, իսկ մյուս 6 մասնավոր հեռուստաալիքները ենթարկվում են պետության վերահսկողության տակ գտնվող գովազդային եկամուտների ազդեցությանը: «Ազգային 12 ռադիոկայանները նույնպես չեն կարողանում ապահովել բազմակարծիք հաղորդումների հեռարձակումը»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Ադրբեջանցիներին մատուցվում է իրադարձությունների մեկնաբանման միայն իշխանության տարբերակը, որն էլ առաջնահերթությունը տալիս է Իլհամ Ալիևի և նրա կնոջ գործունեության լուսաբանմանը, ինչպես նաև Ալիևի հոր` Հեյդար Ալիևի իդելականացմանը` մասամբ անդրադառնալով կամ ընդհանրապես անտեսելով քաղաքական ենթատեքստ ունեցող իրադարձությունները, ինչպես օրինակ հակաիշխանական բողոքի ցույցերը կամ քաղբանտարկյալների դատավարությունները»:

Նման պայմաններում արբանյակային հեռարձակումը մեծ կարևորություն է ձեռք բերում, քանզի այն ապահովում է այլընտրանքային ինֆորմացիայի հասանելիությունը հասարակության համար: Սակայն մի շարք հեռարձակողներ, ինչպես «Ազատություն» ռադիոկոյանի ադրբեջանական ծառայությունը, «Մեյդան» հեռուստաընկերությունը և «Ադրբեջանի ժամը» արդեն իսկ նկատել են պետության միջամտության օրինակներ: Այս առիթով «Ազատություն» ռադիոկայանը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Մենք կանխամտածված միջամտություն ենք նկատել մեր նորությունների հաղորդումների արբանյակային հեռարձակման մեջ և 10 շաբաթ անց, եկել ենք այն եզրակացության, որ դա կանխամտածված քայլ է: Հարձակումների բազմաթիվ այլ տեսակներ էլ են կիրառվել ուղղված մեր գործունեության դեմ, այդ թվում սպառնալիքներ, ֆիզիկական հարձակումներ և կառավարության 2009 թվականի արգելքը մեր FM հաճախականության վրա: Այսպիսի միջամտությունը խախտում է մեդիայի ազատությունը ապահովող միջազգային նորմերը և ստանդարտները: Ադրբեջանի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու հիմնարար ազատության սահմանափակումը պետք է դադարեցվի»,- ասված է ռադիոկայանի տարածած հայտարարությունում:

Մի շարք միջազգային կազմակերպություններ` Հեռահաղորդակցության միջազգային միությունը (որի անդամ է նաև Ադրբեջանը), Եվրոպական հեռարձակողների միությունը արգելում և քննադատում են լրատվամիջոցների գործունեությանը կանխամտածված միջամտելը: Այն նաև համարվում է խոսքի ազատության իրավունքի խախտում, որը Ադրբեջանը պարտավորվում է հարգել և պահպանել` համաձայն իր ստորագրած մի շարք միջազգային և տարածաշրջանային պայմանագրերի, որոնց թվում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

«Բացի այն, որ արբանյակային հեռարձակման խոչընդոտումը խախտում է Հեռահաղորդակցության միջազգային միության կանոնները և Մարդու իրավունքների մասին միջազգային օրենքը, այն նաև բացասաբար է անդրադառնում հոկտեմբերին Ադրբեջանում ժաղովրդավարական ընտրություններ անցկացնելու հավանականության վրա: Եթե հասարակությանը հասանելի չէ պետությունում առկա իրական իրավիճակի մասին ինֆորմացիան և քաղաքական բազմակարծությունը, ապա ընտրական գործընթացը չի կարող ազատ և արդար լինել»,- եզրակացնում է հոդվածագիրը: 

Ադրբեջանը խախտում է միջազգային օրենքները և մարդու հիմնարար իրավունքները