.jpg)
Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկով. «Այս երկիրը սպանում են»
Ադրբեջանի ընդդիմությունը փորձում է համախմբվել Ալիևների իշխանության դեմ: Ընդ որում, ընդդիմադիր կուսակցություններին միավորող անձը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ սցենարիստ և գրող: Խոսքը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին է, ով խորհրդային տարիներին հաջողություններ է ունեցել ֆիլմարտադրության ոլորտում, իսկ վերջին վեց տարվա ընթացքում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների դեմ պայքարելով:
Իբրահիմբեկովն իր ներգրավվածությունը բացատրում է հետևյալ կերպ. «Ես քաղաքական գործիչ չեմ. երկրում տիրող իրադրությունն է ստիպել ինձ զբաղվել քաղաքացիական գործունեությամբ: Սա երկիրը փրկելու փորձ է: Այս երկիրը սպանում են»: Ըստ սցենարիստի` միավորված ընդդիմադիր կուսակցությունները պետք է պայքարեն, որպեսզի իշխանությունը ենթարկվի սահմանդրությանը, Ադրբեջանի քաղաքացիների կամքին և կատարի իր միջազգային պարտականությունները:
Նախնական շրջանում առաջադրմանը խոչընդոտում էր Իբրահիմբեկովի ռուսական քաղաքացիությունը, որից նա արդեն հրաժարվել է: Կա ևս մեկ սահմանադրական պահանջ, որից կարող են կառչել Ադրբեջանի իշխանությունները առաջադրման դիմումը մերժելու համար, այն է` առաջադրմանը նախորդող 10 տարվա բնակություն Ադրբեջանում:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն բացառում է այդ հնարավորությունը` ասելով. «Եթե ինչ-որ մեկը հաճախ է մեկնում արտերկիր, դա դեռ չի նշանակում, որ նա այս երկրի բնակիչ չէ: Դա չի կարող առաջադրումը մերժելու հիմք լինել»:
Հիշեցնենք, որ Իբրահիմբեկովի քաղաքացիական գործունեությունը սկսվել է 2008թ. հրապարակված իր հոդվածով, որտեղ հեղինակը սուր քննադատում է Ադրբեջանի խորհրդարանին և կառավարությանը: 2013թ. հունվարի 9-ին Իբրահիմբեկովը հայտարարեց, որ մտադիր է Ադրբեջանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ուղղված քաղաքական շարժում սկսել և նույն օրը մեկնեց երկրից: Apa.az լրատվական կայքի հետ զրույցում իշխող Ենի Ադրբեջան կուսակցության ներկայացուցիչ Ալի Ահմեդովը պնդում է. «Թեկնածուի հաջողությունը պետք է հիմնված լինի հասարակության համակարանքի վրա, բայց ինչ-ինչ պատճառներով Ռուստամ Իբրահիմբեկովը աջակցություն է սպասում դրսից և մի շարք երկրներում հանդիպումներ է կազմակերպում»:
Ռուստամ Իբրահիմբեկովն Ադրբեջան է ժամանելու Օգոստոսի 2-ին: Նրա ձախողման դեպքում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Իսա Գամբարը: