.jpg)
Ազատամարտիկ. Այլ երկիր չկա, ուր հաղթանակի տարիներին մթի տարիներ ասեն
Այսօր մենք ունենք տարածաշրջանում ամենակայացած ու մարտունակ բանակը, սակայն վերջին տարիներին շատ է խոսվում բանակի բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի մասին: Կարծում եմ, որ այս ամենն ուղիղ կապ ունի ազատամարտիկների այսօրվա սոցիալական վիճակի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանը:
«Եթե ժամանակին պետությունը լուծած լիներ ազատամարտիկների խնդիրները, համոզված եմ` մեր բանակում այսօր նման վիճակ չէր լինի: Այսօր մարդիկ տեսնելով, թե ինչպես են ապրում ազատամարտիկները, չեն էլ ուզում, որ իրենց երեխաները բանակ գնան: Մի բան էլ` ես չգիտեմ որևէ մեկ այլ պետություն, որտեղ հաղթանակած երկիրը հաղթանակի տարիները որակի որպես մթի ու ցրտի տարիներ: Եթե մենք ի սկզբանե այդ տարիները որակած լինեինք հաղթանակի և հերոսամարտի տարիներ, այսօրվա բարոյահոգեբանական վիճակն էլ այլ կլիներ»,- ասաց Գևորգ Տեր-Գևորգյանը:
«Մենք արդեն ոչ թե խնդրում, այլ` պետությունից պահանջում ենք, որ լուծվեն ազատամարտիկների խնդիրները: Մենք հաղթանակած երկիր ենք, բայց մեզ մեր երկրի մեջ զգում ենք որպես ստրուկ: Սա պետության անտարբերության ցուցիչն է մեր նկատմամբ»,-ասաց ասուլիսի մյուս բանախոս ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:
Ազատամարտիկը նշեց, որ չնայած իրենք լուրջ սպասումներ ունեին ՀՀ Կառավարությունից, սակայն արդեն մեկ ամիս է անցել վարչապետի հետ հանդիպումից ու դեռ ոչ մի պատասխան չկա:
«Համոզված եմ` քանի դեռ չի լուծվել ազատամարտիկների հարցը, մեկ երկրում բանակի շուրջ ստեղծված այս բարոյահոգեբանական մթնոլորտը շարունակվելու է»,- ասաց Կարեն Մելիքբեկյանը: