.jpg)
Հովսեփյան. Մուրսիի հեռացմամբ Անկարայի նախաձեռնությունները սահմանափակվում են
Ռազմական հեղաշրջումը Եգիպտոսում, փաստորեն, որոշակի անորոշություններ մտցրեց այդ երկրի հետ հարբերությունների հեռանկարի հետ կապված: Բացի այդ, այդ զարգացումները և «Մուսուլման եղբայրներին» քաղաքական իշխանությունից հեռացնելը, կարող ենք ասել, սահմանափակեցին Թուրքիայի` արաբական աշխարհում և տարածաշրջանային գործընթացներում ունեցած հավակնություններն ու ազդեցությունը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մեկնաբանելով Եգիպտոսում ռազմական միջամտությունն ու Թուրքիայի դիրքորոշումը:
Ըստ նրա` Եգիպտոսում ռազմական հեղաշրջմանը Թուրքիան բավական ցավագին արձագանքեց, և առաջինն այդ պետությունը որակեց որպես ուղղակի ռազմական հեղաշրջում` միակողմանիորեն պաշտպանելով Մ. Մուրսիին և «Մուսուլման եղբայրներին»:
Ամենայն հավանականությամբ, Եգիպտոսում ռազմական միջամտությունը «սառը ցնցուղ» էր Արդարություն և զարգացում կուսակցության համար, որով Անկարայի խաղաքարտերը խառնվեցին: Դա բավական ցավոտ էր Թուրքիայի իշխող շրջանակների համար, քանի որ արաբական աշխարհում Եգիպտոսի նման ազդեցիկ երկրի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկվում էր Անկարայի տարածաշրջանային հավակնությունների համատեքստում: Այն է` Թուրքիային ձեռնտու էր «Մուսուլման եղբայրների» իշխանությունը Եգիպտոսում, որին էլ Անկարան աջակցում էր թե քաղաքականապես, թե տնտեսապես: Թուրքիան սրանով արաբական աշխարհում Եգիպտոսին որպես դաշնակցի տեսնելու հավակնություններ ուներ, որն էլ կնպաստեր իր տարածաշրջանային ազդեցության մեծացմանը:
«Կարող ենք նշել, որ Անկարայի համար Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկվում էր տարածաշրջանային «այլընտրանքային դաշնակցի» տեսանկյունից: Մուրսիի նախագահությամբ Եգիպտոսը կարող էր որոշակիորեն դաշնակցային դեր ստանձնել Թուրքիայի համար, քանի որ ներկայում միջերկրածովյան տարածաշրջանում այն նախընտրելի տարբերակ էր: Ներկայում, փաստորեն, Անկարան նույն այդ տարածաշրջանում գտնվում է մեկուսացման մեջ, եթե հաշվի առնենք ռազմական հեղաշրջումը Եգիպտոսում և թուրք-եգիպտական հարաբերությունների անորոշությունը, Իսրայելի հետ հարաբերությունների խնդիրը, սիրիական ճգնաժամը, կիպրական հիմնախնդիրը և այլն»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Ըստ բանախոսի` Թուրքիան մեծ ակնկալիքներ ուներ Մուրսիի նախագահությամբ Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որը և պետք է Անկարայի արտաքին քաղաքական որոշ խնդիրների իրականացմանը նպաստեր: Փաստորեն, Եգիպտոսում ռազմական հեղաշրջմամբ, Անկարայի հովանավորությունը վայելող Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական մեկուսացմամբ Անկարայի արաբական ու տարածաշրջանային նախաձեռնությունները առնվազն սահմանափակվում են և մյուս կողմից ստեղծվում անորոշությունների շրջափուլ: