.jpg)
Վրացի «օրենքով գող» Ցրիպան կարտահանձնվի Իտալիային
Կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ, Ռուսաստանի քաղաքացի, «օրենքով գող» Թեմիրի Նեմսիցվերիձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Ցրիպա մականունով, Լիտվայից կարտահանձնվի Իտալիային:
Լիտվայի դատարանը համաձայնություն է տվել Իտալիայի դիմումին, և «օրենքով գողը», ով Իտալիայի իրավապահների կողմից մեղադրվում է հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու և խոշոր չափերի հասնող դրամաշորթության մեջ, կտեղափոխվի Իտալիա:
Ցրիպան, ով դատարան էր ներկայացել ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ, հայտարարել է, որ համաձայն է տեղափոխվել Իտալիա, սակայն չի ընդունում իտալական կողմի ոչ մի մեղադրանք:
Ցրիպան և վրացի ևս 4 «օրենքով գողեր» ձերբակալվել էին այս տարվա հունիսին՝ Լիտվայի իրավապահների իրականացրած հատուկ գործողության ընթացքում:
Բոլոր ձերբակալվածները հեղինակավոր «քութայիսյան» հանցավոր խմբավորման անդամներ են:
Լիտվայում ձերբակալված անձինք, այդ թվում՝ Ցրիպան, Ռուսաստանից Լիտվա էին ժամանել անօրինական ճանապարհով: Նրանց ձերբակալության պահին անձնական զննությամբ հայտնաբերվել են թմրանյութեր և խոշոր գումարներ: